«Ես Ձեր խմբից չեմ, ես ամենագեշ երազում անգամ չեմ պատկերացնում, որ ծառայում եմ Սերժ Սարգսյանին»։ Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննիչ Ս․Լ․ Թասալյանի նամակին, ով խնդրում է Բարսեղյանին պարտավորեցնել «Ասպարեզ» օրաթերթի լրագրողին քննչական բաժին ներկայանալ։
«Հարգելի պարոն Ս.Լ. Թասալյան,
Շատ տպավորված եմ Ձեր օպերատիվ աշխատանքով։ Դեպքը տեղի է ունեցել քվեարկության օրը և հրատապ կերպով ներակայացվել www.asparez.am և www.transparency.am կայքերում ու այլ ԶԼՄ-ներով, միջադեպի տաք հետքերով անհապաղ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, դեպքից 2 օր անց ինձ նամակներ եք ուղարկում, կամենալով իմանալ այն, ինչ կիմանայիք, եթե դեպքի պահին տեղամասում գտնվող ոստիկաններին, հրահանգեիք ԱՆՀԱՊԱՂ միջամտել, եւ գոնե ձեզ հաղորդել հիմա Ձեր որոնած տեղեկությունները», – ի պատասխան գրում է թերթի խմբագիրը։
Բարսեղյանն իր գրառմանն է կցել քննիչի նամակը, որում, մասնավորապես, ասվում է․
«06․12․2015 Հայաստանի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեի ժամանակ Երևան քաղաքի Ավան շրջանի թիվ 1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահի դեմ բազմաթիվ բողոքներ են ստացվել այն մասին, որ վերջինս ունեցել է ագրեսիվ վարքագիծ և բղավում է դիտորդների և քվեարկողների վրա, ինչպես նաև «ARARAT NEWS» կայքում տեղադրված տեսագրությունում երևում է, որ հանձնաժողովի նախագահը հարձակվում է «Ասպարեզ» օրաթերթի լրագրողի վրա և փորձում խոչընդոտել լրագրողին՝ կատարելու իր պարտականությունները։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելու առթիվ։
Նյութերի նախապատրաստման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում եմ տրամադրել այն լրագրողի տվյալները, ով իր գործունեությունն իրականացրել է թիվ 1/08 ընտրատեղամասում և պարտավորեցնել վերջինիս 09․12․2015թ․ ժամը 11։00-ին ներկայանալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ դեպքի շուրջ բացատրություն տալու համար»։
Սա, նշում է Բարսեղյանն, իր ութերորդ համանման արձագանքն է «Սերժիկի ոստիկաններին»։
«Հայտնի պիտի լինի Ձեզ, որ տեղամասում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների ելումուտը արձանագրվում է հատուկ մատյանում, այսով պիտի կռահեք, թե որտեղից սկսեք Ձեր ուշացած քննությունը: Ես Ձեզ համար փաստահավաք խումբ չեմ, որքան էլ զարմանալի կթվա, ասեմ, որ Դուք, ոստիկանությունը և մյուս իրավապահները օրենքով ունեն գերազանց հնարավորություններ բոլոր ընտրական հանցագործությունները բարեխղճորեն քննելու, հանցագործներին բացահայտելու և մնացած գործողությունների համար:
Առավել զարհուրելի է Ձեր նամակի այն տողը, որով ինձ խնդրում եք պարտավորեցնել իմ ղեկավարած ԶԼՄ ներկայացուցչին ներկայանալ ոստիկանություն: Երևի սթափ եք եղել դա գրելիս: Ուրախ է Ձեզ մոտ ոստիկանությունում, ըստ ամենայնի, ինձ էս տեսակ նամակ, որ համարձակվում եք գրել, ես պատկերացնում եմ` ուրիշներին ինչեր եք գրում ու ինչեր եք անում: Խորհուրդ եմ տալիս այլևս չհամարձակվել ինձ որևէ կերպ խնդրել խախտել մարդու իրավունքները, ես Ձեր խմբից չեմ, ես ամենագեշ երազում անգամ չեմ պատկերացնում, որ ծառայում եմ Սերժ Սարգսյանին:
Խորհուրդ եմ նաև տալիս վերընթերցել օրենսդրությունը, շարժվել օրենքով և Ձեր լիազորություններով ու չվատնել ժամանակս, այն ամենը, ինչ նպատակահարմար եմ համարել հրապարակել, հրապարակել եմ, եթե լրացուցիչ տեղեկություններ անհրաժեշտ համարեմ հրապարակել` կանեմ անկախ Ձեր դիմումները», – նշել է Լևոն Բարսեղյանը։