Ինժեներ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցում կանգնել է Սերժ Սարգսյանի ավտոշարասյան առջև՝ վանկարկելով «Սերժի՛կ, սրիկա»:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գասպարին գրել է, որ այդպիսով արտահայտել է իր վերաբերմունքը. «Իհարկե էնպես չի, որ սս-ը չգիտի՝ ինչ են մտածում մարդիկ իրա մասին… Ես կարող էի իմ կարծիքը գրել ասենք՝ ՖԲ-ում, կամ դա հնչեցնել Ազատության հրապարակում… բայց ես ընտրեցի էդ եղանակը»։
Еpress.am-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ Գասպարին պատմել է, որ ինքը նույնատիպ ակցիա էր արել նաև մեկ ամիս առաջ և այդ օրվանից առավոտյան ժամերին, երբ ինքը զբոսնելու է դուրս գալիս, մի քանի ոստիկաններ հետևում են իրեն:
«Այսօր նույնպես իմ կողքից քայլելով գալիս էին [ոստիկանները], ես փողոց դուրս եկա, արտահայտեցի իմ վերաբերմունքը սս-ի հանդեպ: Նա [Սերժ Սարգսյանը] ակնհայտ լսեց ինձ, ճանապարհը շեղեց: Իմ պատգամը կարծում եմ տեղ հասավ»,- պատմել է Գասպարին:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գասպարին գրել էր նաև, որ «տեղում ներկա էին Շմայսը (ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր Առաքել Մովսիսյան֊խմբ․) և ԱԺ օլիգարխների ախրանիկները»:
Գասպարին ասել է, որ որոշ ժամանակ ոստիկանները իրեն պահել են մայթի վրա, խորհրդակցել են իրենց վերադասների հետ, թե ինչպես վարվեն իր հետ, ապա ազատ են արձակել: