Ինժեներ Վարդգես Գասպարին այսօր կրկին չի ցանկացել ներկայանալ իր գործով դատական նիստին, և ոստիկանները նրան ուժով են տեղափոխել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։
Երբ իրավապահներն այցելել են Գասպարիի բնակարանը, նա հայտարարել է, որ իրեն միայն բռնի ուժով կարող են դատարան տանել և պառկել է շքամուտքի մոտ։ Ոստիկանները, բռնելով նրա ձեռքերից ու ոտքերից, Գասպարիին տեղափոխել են ոստիկանության մեքենա։
Դատարանում Գասպարիին գետնին են դրել և ողջ դատական նիստի ընթացքում նա ոչ մի բառ չի խոսել։ Դատական նիստին այսօր չի ներկայացել հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը, ում ծառայություններից Վարդգես Գասպարին երեկ պաշտոնապես հրաժարվել էր։
Դատավոր Նելլի Բաղդասարյանի հարցին, թե ինչու հանրային պաշտպանը չի ներկայացել դատական նիստին, քարտուղարը պատասխանել է, որ դատարանին պատճառների մասին չեն տեղեկացրել։ Դատավորը նիստերի դահլիճում պառկած Գասպարիին հորդորել է ավելի պատշաճ դիրք ընդունել՝ այլապես խոստանալով «խիստ դատական սանկցիա կիրառել» և 3 ժամով հեռացնել նրան դատարանի դահլիճից։ Գասպարին չի պատասխանել նաև դատավորի այդ դիտարկմանը։
Հանրային պաշտպանի բացակայության պատճառով դատավորը հետաձգել է դատական նիստը։ Հաջորդը կկայանա փետրվարի 1֊ին։
Նշենք, որ Գասպարին բոյկոտում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Ինժեներն ասել էր, որ չի վստահում դատավոր Նելլի Բաղդասարյանին և որևէ արդարադատության սպասելիք չունի։ Նա նաև խնդրել էր իր փաստաբաններին չմասնակցել դատական նիստին, որից հետո դատարանը Գասպարիին հանրային պաշտպան տրամադրելու և դատարանի դահլիճ Գասպարիին բերման ենթարկելու որոշում է կայացրել։