ՀՀ կառավարությունը կրկին որոշել է առանձնացնել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Դրանք մեկ կառույցի մեջ էին միավորվել 2014 թվականի դեկտեմբերին, իսկ այժմ՝ 1 տարի և 3 ամիս անց, դրանց բաժանելու հարցը քննարկվում է Ազգային ժողովում։ Կառավարության առաջարկի համաձայն, բաժանումից հետո նախարարություններից մեկը կկոչվի Տարածքային կառավարման և զարգացման, մյուսը՝ Արտակարգ իրավիճակների։
Այսօր ԱԺ արտահերթ նիստին քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրել է գլխավոր զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին նախարարության բաժանման մասին՝ ակնկարկելով, որ դա արվում է, որպեսզի կոալիցիայի մեջ մտնող ՀՅԴ֊ին նախարարի պորտֆել տրվի. «Ցավոք, մեր գործընկերները չեն հետևում դահլիճում ժամանակ առ ժամանակ հնչող այն կոչերին, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը: Որոշ գործընկերներ եխիդնի հարցեր են տալիս ու ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի տոնական տրամադրությունը փչացնում են: Չեմ կարծում թե դա ճիշտ մոտեցում է: Իսկ ինչ վերաբերում է նախագծին, հարց է ծագում է, թե ի վերջո Հայաստանին Տարածքային կառավարման նախարարությունը պե՞տք է, թե ոչ: Իսկ եթե պետք է, ո՞նց էինք մինչև հիմա ապրում առանց այդ կենսական նշանակության նախարարության:
Նաև նախագծում նշված է, որ համ Արմեն Երիցյանն է (ներկայիս նախարարը֊խմբ) մնալու աշխատելու, համ նոր նախարար է նշանակվելու՝ ի դեմս ՀՅԴ անդամ պարոն [Դավիթ] Լոքյանի: Չե՞ք կարծում, որ սա ձեր մյուս գործընկերների նկատմամբ անարդար վերաբերմունք: Ինչպես այս նախարարությունը, այնպես էլ մյուս նախարարությունները ժամանակին եղել են առանձին, ինչպես օրինակ՝ Լուսավորության և Կրթության, Էկոնոմիկայի ու Առևտրի առանձին նախարարությունները: Ինչո՞ւ չեք կիսում նաև այս նախարարությունները, որ ձեր գործընկերների նկատմամբ ազնիվ լինեք: Ժողովրդի մեջ սկսել են խոսել, որ անտեր նախարարներին հանել են ու ով տեր ունի՝ պահել են: Դուք դիսկոմֆորտի զգացում չունե՞ք Արմեն Աշոտյանի ու Կարեն Ճշմարիտյանի նկատմամբ: Խնդրում եմ՝ պատասխանը չքաղաքականացնել, եթե կարելի է»:
Արփինե Հովհաննիսյանը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը «խիստ ոչ քաղաքական հարցադրում» է արել և ինքը նույն կերպ է պատասխանելու։
«Մենք առանց Տարածքային կառավարման նախարարության չենք եղել, այլ եղել ենք Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարության հետ: Իսկ անարդարության զգացում ես ունենում եմ այն ժամանակ, երբ հարցնում են այն, ինչ ինձնից ավելի լավ գիտեն և ընկալածն ու հասկացածը այլ ձևաչափով են ներկայացնում, իսկ այս նախագիծը ներկայացնելիս ոչ մի նման զգացում չունեմ»:
Նիկոլ Փաշինյանը նախարարի խոսքերից ենթադրել է, որ կառավարությունը որոշել է երկար անուններ ունեցող նախարարությունները կրճատել. «Այս նախագծում նշված է, որ առանձնացվող նախարարությունը կոչվելու է «Տարածքային կառավարման և Զարգացման նախարարություն»։ Չե՞ք կարծում, որ պետք է հիմիկվանից ստեղծեք մի հատ Տարածքային կառավարման, մի հատ էլ առանձին Զարգացման նախարարություն»:
Ի պատասխան, Արփինե Հովհաննիսյանը խոստացել է Նիկոլ Փաշինյանի հարցադրումները դարձնել քննարկման առարկա
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հետաքրքրել է, թե ինչո՞ւ կառավարությունը չի համբերել մինչև ԱԺ–ի հերթական քառօրյա և արտահերթ նիստ է հրավիրել միայն այս հարցը քննարկելու համար. «Ինչն էր խանգարում ՀՀԿ –ի և ՀՅԴ ի քաղաքական գործարքը կատարել առանց նախարարությունների բաժանելու: Ամբողջ նախարարությունը տայիք ՀՅԴ –ին, ի՞նչն էր խնդիրը»:
Արփին Հովհաննիսյանը պատասխանել է, որ Կառավարությունը նպատակահարմար է համարել հրավիրել արտահերթ նիստ և քննարկել այս հարցն այսօր. «Ինչ վերաբերում է համագործակցությանը, պետք է նշեմ, որ մենք համագործակցությունն այդքան նեղ չենք դիտում և քաղաքական նպատակահարմարությունը ենթադրում է, որ քաղաքական որոշումները կայացվում են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և աչքի առաջ ունենալով զարգացման տեսլական և դրան համահունչ համագործակցության ձևաչափ»:
Խոսքն ավարտելուց հետո Արփինե Հովհաննիսյանի խոսափողը դեռ չէին անջատել, երբ լսվել է վերջինիս հոգոցը Լևոն Զուրաբյանի հարցադրման վերաբերյալ. «Վայ, մամա ջան»:
Նշենք, որ ՕԵԿ խմբակցությունը նիստի սկզբում հայտարարել է, որ իրենց համար անընդունելի են նախարարությունների կամայական բաժանումները՝ առանց քաղաքական հիմնավորման, և լքել է ԱԺ դահլիճը: