Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արայիկ Սարդարյանն այսօր Կառավարության մոտ է եկել իր հաշմանդամություն ունեցող երեխայի հետ և պահանջել է բացահայտել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և Ծաղկահովիտի գյուղապետ Երվանդ Խաչատրյանի կատարած ապօրինությունները։
Սարդարյանը պատմել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով 2015 թվականի դեկտեմբերի 31–ին Ծաղկահովիտում բնակարաններ են հատկացվել 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին, սակայն, ըստ նրա, բնակարանների մեծ մասը տվել են արդեն բնակարաններ ունեցող մարդկանց․ «Տուն ստացողներից մեկը ֆերմեր է և 2 հարկանի տուն ունի, կան նաև մարդիկ ովքեր հենց հիմա այդ ստացած տները հանել են վաճառքի։ Եթե իրենց բնակարան պետք չի եղել, ինչու են նրանց տվել, իսկ ծայրահեղ ծանր ապրողներին բնակարան չեն հատկացրել։ Ես քանի տարի է պայքարում եմ, որ ինձ բնակարան հատկացվի, քանի որ կնոջս և ի ծնե հաշմանդամ անչափահաս երեխայիս հետ չունեմ մշտական բնակության վայր, ապրում ենք ծայրահեղ վիճակում, բայց քանի որ մյուսների նման գումար չեմ կարողացել տալ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին, ինձ բնակարան չեն հատկացրել»։
Նա ասել է, որ կոռուպցիայի դեպքի վերաբերյալ դիմել է դատախազություն, սակայն դատախազությունից պատասխանել են, թե իրենք պարզել են, որ Արայիկ Սարդարյանին բնարական չի հասնում, ինչից եզրակացրել են, որ հանցագործության դեպք չկա։
«Այսինքն՝ դատախազությունը հանցագործությունը բացահայտելու փոխարեն ինձ նման աբսուրդ գրություն է ուղարկել։ Ես չեմ հասկանում ինձ բնակարան հասնել֊չհասնելու հարցը ի՞նչ կապ ունի կոռուպցիայի դեպքի հետ։ Ես պահանջել էի, որ 13 ընտանիքներին բաժանված բնակարանների հարցը քննեն և տեսնեն, թե ում են հատկացվել այդ բնակարանները», ֊ նշել է բողոքողը։
Այսօր նա հանդիպել է Կառավարության նամակների և ընդունելությունների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին, ով հավաստիացրել է, որ խնդրի վերաբերյալ կտեղեկացնի ՀՀ վարչապետին․ «Ինքը ինձ բառացիորեն ասեց, որ համաձայն է իմ հետ։ Ասեց, որ այս գործում կա այլանդակություն, ոչ թե կաշառակերություն ու խոստացավ, որ իմ դիմումը նորից կնայի ու կհանձնի վարչապետին»։