Ժողովուրդները նացիոնալիստ չեն ծնվում, նացիոնալիզմ սերմանողը համակարգն է. դպրոցական անմիտ ու գռեհիկ բանաստեղծություններով, բանակային պատժիչ-հրամայական այլատյացությամբ, որից հետո արդեն ամբողջ կյանքում հայրենասիրությունը կազառմայի հոտ ունի գլխումս:
– Թուրքն ուրախացա՛վ, – սարսափազդու շեշտով գոռում էր մեր զորամասի գլխից հիվանդ ու կաշառակեր հրամանատարը առավոտյան ռազվոդին պլացում զգաստ կանգնած զորքին, երբ հերթական անգամ հայտնում էր N զորամասում ինքնասպանության, կամ սպանության լուրը, հետո էլ խլեշ հայհոյանքների հեղեղ էր թափում մահացածների գլխին: Կամ էլ շարքից դուրս կանչելով “զանցառու” զինվորին, քացիներ տալով ու հայհոյելով գոռում էր` թու՛րք, էս թուրքին գուբախտ տարե՛ք),
զլմ-ներից դեպի մեր գիտակցություն ու ենթագիտակցություն ամենօր սողացող ճղճիմ ազգային եսասիրությամբ, շովինիզմով, որից դուրս ամբողջ աշխարհի իրականությունը, ինչ էլ որ այնտեղ չպատահի միևնույն է անկարևոր է ու մեր ազգային իրականության հետ առնչություն չի կարող ունենալ: Ու որտեղից բացահայտ կամ քողարկված թշնամանքը, այլատյացությունն ու միլիտարիզմը որպես ամենօրյա սովորական ու անհրաժեշտ սնունդ անդադար հրամցվում է ժողովրդին ու վերջապես մարդկանց գլխներում ազգային սնապարծությունն ու թշնամանքը ամբողջովին դուրս են մղում անաչառ դատելու, քննադատական մտածողության, կամ պարզապես մարդ մնալու կարողությունը:
Եվ ովքե՞ր են էս հրեշավոր քարոզչամեքենան աշխատացնում և ինչի՞ համար: Ու՞մ է անհրաժեշտ վառ պահել ատելության, թշնամանքի կրակն ու պատերազմի հրդեհները:
Կրթաքարոզչական աղբից դուրս պրծած գիտակցության համար պատասխանն ակնհայտ է` թշնամանքն ու պատերազմը միշտ հրահրվում, թելադրվում են ազգային, անդրազգային քաղաքական ու բիզնես էլիտաների կողմից ու սպասարկում են միմիայնց ազգային ու անդրազգային էլիտայի դասակարգային ու նեղանձնական շահերը.
փող և իշխանություն, ուրիշ ոչինչ, փող (եկամուտների ապահով պահպանություն, եկամուտների նոր աղբյուրներ` էդ թվում և ռազմարդյունաբերությունից կամ ռազմական բյուջեից, եկամուտների բազմապատկում և իշխանություն (իշխանության ապահով պահպանություն, իշխանության վերարտադրում, իշխանության հզորացում): Բուրգի գագաթում համաշխարհային հեգեմոնն է՝ ԱՄՆ-ի իսթեբլիշմընթը, իր ահռելի ռազմարդյունաբերական համալիրով, իր թելադրանքով գործող կառույցներով՝ NATO, World Bank, IMF, UN և այլն: Եվ հետո միայն ԵՄ-ն, Չինաստանի ու Ռուսաստանի նման երկրների էլիտաները, ու բուրգի ներքևում երրորդ աշխարհի երկրների վերնախավը:
Ինչպե՞ս է սա աշխատում:
Կապիտալիզմը լեգիտիմացնելով սոցիալական անհավասարությունը, ժողովրդի շահագործումն ու կեղեքումը, ծնում է ժողովրդական արդարացի հակազդեցություն, բողոքի գործողություններ ու դրանց հեղափոխական բռնկումներ: Հենց այս դրսևորումները թուլացնելու, սանձելու համար էլ ժողովրդավարության հաստատումից սարսափող էլիտաները անդադար ներարկում են նացիոնալիզմի ու քսենոֆոբիայի թույնը, թմրանյութը: Բայց ժամանակ առ ժամանակ, երբ դոզան բավականաչափ չի թմրեցնում ժողովրդական գիտակցությունը, վերնախավը վերսկսում է պատերազմները, սադրելով մարդու ստորագույն, կենդանական բնազդները, նացիոնալիստական հիստերիայի մեջ թաղելով սթափ դատողությունն ու էլեմենտար մարդկայնությունը:
(Եվս մի ուրախ լուր, – գրում է ազգային վերնախավի խոսնակը, – մի տանկ էլ խփեցինք: Ու մարդիկ հազարավոր լայքերով հիստերիկ էքստազի մեջ հրճվում են մարդասպանության գործողությունից):
Բա ի՞նչ անել, կրակում են մեր վրա, տարածքներ են վերցնում, չինքնապաշտպանվե՞նք:
Իհարկե ինքնապաշտպանվել, բայց խնդիրը պատերազմի դադարեցումն է, պատերազմի վերսկսման բացառումը, այն է՝ պատերազմն ու թշնամանքը ծնող պատճառների վերացումը: Պատերազմներն ի սպառ վերացնելու և սոցիալական հեղափոխության իրականացման համար վրդովմունքի ու ատելության ալիքը պետք է ուղղվի ոչ թե հարևան երկրի ատելության պրոպագանդայով ճիշտ մեր նման զոմբիացված ժողովրդի ու շարքային զինվորների դեմ, ինչպես և ծրագրել են երկու երկրների էլիտաներն ու ավելի բարձր օղակները, այլ վրդովմունքի ալիքը պետք է ուղղվի դրան արժանի միակ թիրախին՝ ազգային և անդրազգային էլիտային, ով միակ պատասխանատուն ու շահագրգիռ կողմն է և՛ պատերազմի խելահեղ մսաղացի, և՛ սոցիալական անարդարության:
Այո, ինքնապաշտպանվել, բայց տասնապատիկ եռանդով նշավակել միակ պատասխանատուին` իշխող էլիտաներին, անդադար բարձրաձայնել, խոսել սրա մասին: Հակառակորդի շարքային զինվորից վրեժխնդիր լինելու, արյուն հեղելու կոչերի փոխարեն պատերազմի հարուցած չարությունը պետք է ուղղվի դրա իրական սադրիչների՝ պատերազմ հրահրող գեներալների, պրեզիդենտների ու սրանց գործողությունները մանիպուլացնող համաշխարհային էլիտայի դեմ: Առանց էս գիտակցման, միայն ինքնապաշտպանվելով, մեր համար վերևից գծված սցենարի հլու կատարածուներն ենք մնալու: Վրեժի, մեկը հազար դարձնելու (ճակատում հերթական սպանության լուրը ֆբ-ում մեկը քոմենթել էր՝ աստված մեկը հազար դարձնի) միլիտարիստական կոչերի փոխարեն մտածենք ռազմաճակատում հայ ու ադրբեջանցի զինվորների եղբայրացման հնարավորության մասին:
Հ․