Ապրիլի 21֊ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ղարաբաղա֊ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում (Թալիշ) մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:
Ղարաբաղյան կողմի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ զինծառայողը մահացել է «ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում»։
Նշենք, որ ապրիլի 5-ին շփման գծում կրակի դադարեցումից հետո գրեթե ամեն օր սահմանին միջադեպեր են գրանցվում, որոնց հետևանքով զոհվում կամ վիրավորվում են զինծառայողներ։ Մասնավորապես, ապրիլի 19-ին հրազենային վիրավորումից մահացել էր 20-ամյա Գևորգ Գարեգինի Գևորգյանը, ապրիլի 18-ին հրազենային վիրավորումներ էին ստացել 25-ամյա Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 20-ամյա Ազատ Տիգրանի Բարսամյանը։