Իրավապահ մարմինները փորձել են կոծկել 2015 թվականին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքը և սպառնացել են ծեծկռտուքից տուժած Ռ.Գ.-ին և նրա ընտանիքին, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ սպառնալիքները հաստատելու համար Ռ. Գ.–ն ներկայացրել է համապատասխան ձայնագրություններ:
Դեպքի վերաբերյալ ՀՔԱՎ֊ը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ Ռ. Գ.-ի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման, հանցագործության բացահայտման և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով, սակայն քննչական ծառայությունը գործը վարույթ չէր ընդունել և հանցագործության մասին հաղորդումը վերահասցեագրել էր ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություններ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որոշման դեմ այս տարվա ապրիլի 12-ին բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր որոշում կայացնել։
Իրավապաշտպանները նշում են, որ դատախազի լիազորությունների մեջ են մտնում հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը. չնայած դրան, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դատախազը նման բողոքներ քննելու իրավունք չունի, և «ուղղորդել է» դիմել դատարան:
Կազմակերպությունը ներկայացրել է գործի նախապատմությունը․ 2015 թ. նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի տարածքում գտնվող «Ռոսիա» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՌԴ քաղաքացի Կ. Բ.-ը հարվածել էր Ռ.Գ. ֊ին՝ վերջինիս հասցնելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Դեպքի առթիվ 2015 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), սակայն գործ հարուցելուց երկու շաբաթ անց որոշում է կայացվել Կ. Բ.-ին որպես մեղադրյալ ներգրավել, իսկ Ռ. Գ.-ին որպես տուժող քրեական գործում ներգրավելու մասին որոշում չի կայացել։
Ռ. Գ.-ի պնդմամբ՝ Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցները նախ փորձել են կոծկել հանցագործությունը, ապա առաջարկել համաձայնության գալ մեղադրյալի հետ՝ որպես փոխհատուցում տրվող գումարի շուրջ, այլապես վերջինս ոչինչ չի վճարի: Դրան հաջորդել է մեղադրյալ Կ. Բ.-ի և նրա մերձավորների կողմից Ռ. Գ.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները, ինչի մասին վերջինս հայտնել է իրավապահ մամիններին, որոնք, սակայն, հրաժարվել են միջոցառումներ ձեռնարկելուց: Ռ. Գ.-ի պնդմամբ՝ իրավապահ մարմինների կատարյալ անգործության պայմաններում շարունակել են ճնշումներն ու սպառնալիքները իր և իր ընտանիքի նկատմամբ: