Հոդված՝ Քաղցն ու երազանքը՝ մեկ զամբյուղում
Հեղինակ՝ Արմեն Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր
Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թուիսթի» լրացուցիչ պարենային ու հոգեբանական հաշվարկները
– Խնդրում եմ, սը՛ր, ես մի քիչ էլ եմ ուզում:
Այսպիսի չլսված ու չտեսնված հանդգնությամբ մի խեղճ որբ կյանքից պահանջեց իր լրացուցիչ բաժինը: Օլիվեր Թուիսթը համարձակվեց խնամքի հաստատության ճաշարանում խնդրել, որ իր ափսեն մի քիչ էլ ճաշ լցնեն: Սա այնպիսի աղաղակող լկտիություն էր, որ Օլիվերին, արդեն ճակատագրի բերումով լքված ու միայնակ տղային, որբացրին երկրորդ անգամ՝ դատապարտելով լիակատար մեկուսացման:
Ջորջ Քրուիքսհենքի նկարազարդումը. Օլիվեր Թուիսթը խնդրում է լրացուցիչ բաժին: 1911թ., աղբյուրը՝ http://www.bl.uk
Անգլիական գրականության պատկերների վարպետ Չարլզ Դիքենսն իր «Օլիվեր Թուիսթը» գրել է դասական սերիալի կանոններով: Այն սկզբում հրատարակվել է մաս-մաս՝ 1837-ից մինչեւ 1839 թվականը: Երկու տարի շարունակ Դիքենսը ընթեցողին ներշնչել է բացարձակապես ոչ ռոմանտիկ ապրումներ՝ առանձնակի դաժանությամբ, բայցեւ առանց չափազանցնելու նկարագրելով 19-րդ դարի երեխաների կյանքը: Հիմա, 21-րդ դարում, դիքենսյան իրականությանը կարելի է «կպցնել» տասնյակ եզրույթներ. սոցիալական համակարգի անկատարություն, թրաֆիքինգ, երեխայի իրավունքների ոտնահարում, երեխաների շահագործում, աղքատության կրճատման մարտավարության բացակայություն եւ այլն:
Դիքենսը մանրամասն, երկար եւ մի տեսակ մեծ հափշտակությամբ է ներկայացնում աշխատանքի տունը, որը 1834 թվականին ընդունված անգլիական Աղքատների Օրենքի արդյունքն էր: Դիքենսն ատում էր այդ օրենքը եւ ատում էր անգլիական պառլամենտը, որ հեղինակել, ընդունել ու գործի էր դրել այն: Նրա երկար բացատրությունները, նկարագրություններն ու համեմատությունները ծառայում են մեկ գլխավոր նպատակի՝ թույլ տալ, որ ընթերցողը զգա աշխատանքի տան եւ աղքատության «հմայքը» այնպես, ինչպես 9-ամա երեխան:
Օլիվեր Թուիսթի եւ հազարավոր աղքատների դիետան պատկերելու համար Դիքենսը «գաղտնազերծել է» աշխատանքի տան խոհանոցը, բառիս բուն իմաստով. «Աշխատանքի տունը պայմանագիր կնքեց ջրմուղի հետ՝ ջրի անսպառ մատակարարման նպատակով, ինչպես նաեւ հացահատիկի մատակարարի հետ՝ փոքրաքանակ վարսակի տրամադրման նպատակով: Այսպիսով, ստացվեց օրական երեք անգամ սնունդ, որին ավելացրին մեկ սոխ՝ շաբաթը երկու անգամ եւ կես հաց՝ կիրակի օրերին»:
Աղքատների Օրենքը ծաղրող պաստառ: Հավանաբար 1934թ., աղբյուրը՝ Անգլիայի ազգային արխիվ
Բրիտանացի դիետոլոգներն այնքան էին «տպավորվել» Օլիվերի այս ճաշացանկից, որ հաշվարկել էին, թե որքան կալորիա է անհրաժեշտ 9 տարեկան երեխային: Նրանց ուսումնասիրությամբ, օրական 400 կալորիայից պակաս ստացող երեխաների մոտ կարող են անշրջելի առողջական խնդիրներ առաջանալ. ռախիտ (որի պատճառը D վիտամինի եւ ֆոսֆատների պակասն է), անեմիա կամ սակավարյունություն, B1 վիտամինի պակասություն:
Օլիվերին եւ աղքատանոցի մյուս բնակիչներին վիճակված չէր անցնել 400 կալորիայի շեմը: Աղքատների Օրենքը, բացի սննդակարգը սահմանափակելուց, այլ արգելքներ էլ էր դրել: Ըստ այդ օրենքի, այլեւս չէր խրախուսվում խնամքի հաստատություններին տրվող բարեգործական օգնությունը. սնունդ, գումար, հագուստ եւ այլն: Արգելվում էր մուրացկանությունը, իսկ հիվանդանոցներն ու բուժհաստատությունները աղքատանոցների բնակիչներին չէին ընդունում ստացիոնար բուժման:
Դիքենսը, ով «Օլիվեր Թուիսթը» սկսել էր գրել 25 տարեկանում, անցել էր աղքատանոցով:
Նրա հայրը փակված էր Մարշալսի բանտում, իսկ Դիքենս ընտանիքը, չունենալով եկամտի միջոց, «վայելում» էր աղքանատոցի 400 կալորիաները: Ընդ որում, նրանց «հյուրընկալած» խնամքի հաստատության կողքին գործում էր մի մեծ սննդի խանութ, որի մոտով անցնելն ամենամեծ տանջանքն էր հյուծված բնակիչների համար:
Նորֆոլքի աղքատանոցում, որտեղ ապրել է Դիքնեսը, կիրակի օրը ստամքոսի տոն է եղել, որովհետեւ հաց ու մի փոքր կտոր միս են տվել: Բայց, դրա փոխարեն, շաբաթ օրերին որեւէ ուտելիք չի մատուցվել, բացի մի կտոր պանրից՝ առանց հացի, ապուրի կամ շիլայի: Դիքենսի ժամանակներում Անգլիայում 3700 աղքատանոց կար, որոնք հազարավոր մարդկանց մարմինն ու հոգիները մի բարակ թելով կապում էին միմյանց: Ընդ որում, այդ թելը կտրվում էր բավական հաճախ:
Նորֆոլքի աղքատանոցը, որտեղ Դիքնեսը մնացել է 1915-1917թթ: 1932թ., աղբյուրը՝ http://www.bl.uk
Այսպիսով, 2200 անհրաժեշտ կալորիաները (ըստ սննադակարգի ժամանակակից մասնագետների) հավաքելու համար Օլիվեր Թուիսթը եւ նրա նման երեխաներ ընկնում էին գողերի ու խաբեբաների ցանցը: Բիլլ Սայքսը, Ֆեգինը, Նոահ Քլեյփոլը եւ ուրիշներ, ովքեր «կերել էին» Օլիվերի կյանքը, նույն հասարակության ծնունդն էին: Դիքենսը չի խնայել նրանց՝ ներկայացնելով անուղղելի սրիկաների մի բանակ, որը պայքարում էր Օլիվեր Թուիսթին բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով կյանքի հատակը քաշելու համար:
Չնայած դրան, ինչ-որ մի տեղ Դիքենսն Օլիվերի համար պահել է սպիտակ հաց, ընտանիք, մաքուր անկողին, հոգատարություն եւ խնամք: Վերջում: Բայց դրանք էլ, որպես բարեկեցության կալորիաներ շատ դժվար են տրվել նրան: Դիքենսն իր գրքում կազմել էր Օլիվերի եւ նրա նման երեխաների նվազագույն սպառողական զամբյուղը՝ մարդասիրության տեսակետից: Դա պարոն Բաունլոուիի, նրան որդեգրողի հոգատարությունն էր. ջերմություն, բուլկիներ, խնամք ու վստահություն… Թվում է՝ սովորական մի արժեք, բայց շատ դժվար ճարվող Դիքենսի եւ Օլիվերի համար:
Կյանքի արժեքների այդ նվազագույն շեմը, ի դեպ, առ այսօր հաղթահարված չէ միլիոնավոր երեխաների համար: Նույնիսկ Օլիվերի Թուիսթի պատմությունից 50 տարի անց, երբ ծնվեց պատկերների մյուս անգլիացի վարպետը՝ Չարլզ Չապլինը, ուտելիքը դեռ մնում էր երեխաների երազանքի հիմնական թեմաներից մեկը:
Չարլին ինքն էլ աղքատանոց ընկավ մոր ու եղբոր հետ միասին, եւ նրա ամենալուրջ ծրագիրը փոքր տարիքում եղել է կուշտ ուտելը՝ շաքարով սերուցք, պաղպաղակ, թխվածք: Դրա փոխարեն, նույնիսկ միլիոնատեր դառնալուց մի քանի տարի առաջ, Չարլի Չապլինը դեռ «ճաշակում էր» մեկուկես պեննիով գնված պանրի կողրերը, որոնք մի լավ լվանում էր՝ վրայի պարաֆինը մաքրելու համար:
Սովը ստիպեց, որ Չարլի Չապլինի մայրը խելագարվի եւ ածուխի կտորները երեխաներին հրամցնի որպես կարագով պատրաստված անուշեղեն: Չապլինի կյանքի «ամենավառ» հիշողությունը այդ սոսկալի վայրկյանների հետ է կապված. «… թե ինչպես էր մայրիկը խելագարված թակում հարեւանների դռները եւ ուտելիք խնդրում…»:
Չապլինյան նախաճաշ, պատկեր «Պստիկը» ֆիլմից
1977 թվականին, երբ Չապլինը մահացավ, բրիտանական դպրոցների ճաշացանկում արդեն կար սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների մի պարտադիր քանակություն, որ պետք է ստանային երեխաները: Վարսակի ջրիկ տողողանքից հետո անցումը դեպի մրգերին ու բանջարեղենին, մսին, ձկանը, առողջարար ըմպելիքներին, կաթին ու կանաչեղենին տեւեց մոտ 150 տարի: Պատերազմներն ու ամենատարբեր ճգնաժամերը, որքան կարողացան, արեցին իրենց գործը երեխաների կալորիաները կրճատելու ուղղությամբ եւ հիմա էլ անում են:
Ի՞նչ են ուտում Օլիվերի Թուիսթի տարիքի երեխաներն աշխարհում հիմա: Արդյո՞ք դիքենսյան 400 կալորիաները դեռ սպառնում են օլիվերներներին: Միամիտ հարց:
Իհարկե սպառնում են եւ իհարկե… սպանում են:
Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության տվյալների աշխարհում 146 միլիոն երեխա տառապում է թերսնումից:
60 երկրի դպրոցահասակ երեխաներ կանոնավոր սննդի կարիք ունեն:
Տարեկան 6 միլիոն երեխա մահանում է միայն քաղցի հետեւանքով առաջացած հիվանդություններից:
Այսինքն, դիքենսյան նկարագրությունները, համեմատությունները եւ որակումները «աշխատում են» նաեւ այսօր եւ հիմա, որովհետեւ աշխարհում 10 վայրկյանը մեկ երեխա է մահանում՝ քաղցի հետեւանքներից: Այս «հեռավոր» վիճակագրությունը կմոտենա մեզ, եթե մի հայացք գցենք Համաշխարհային Բանկի անցյալ տարվա մի ուսումնասիրությանը.
Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների ավելի քան 5 տոկոսը տառապում է թերսնումից:
Հայաստանում թերաճությունը սպառնում է ամեն 5 երեխայից մեկին:
Դե, իսկ թերսնումը միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունը համարում է Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից մեկը: Մեր երկրում դեռ գործում է ՄԱԿ-ի պարենային ծրագիրը, որը միտված է ծայրահեղ աղքատության եւ թերսնման դեմ պայքարին:
Մենք չունենք դիքենսյան Աղքատների Օրենքն ու սահմանափակումները: Ավելին, մեզանում խրախուսվում են մանկատներին, խնամքի հաստատություններին օգնություն բաշխելը, այցելություններն ու նվերները: Եւ մենք ունենք սոցիալական բարեփոխումների մի մեծ փաթեթ, որն ամեն մի առիթով մեր աչքն են կոխում թղթերի տեսքով:
Մեկ այլ, չգրված եւ չհղկված վիճակագրությամբ Հայաստանի սոցիալական ոլորտը լուսաբանող ամեն մի լրագրող իր աշխատանքի ընթացքում ստիպված է լինում մի փոքր դիքենսանալ՝ նկարագրելով ուտելիքի, հագուստի, խնամքի ու արդարության կարոտ հայաստանցի երեխաներին, նրանց երազանքներն ու նպատակները: Այդ լրագրողական պատմությունների ենթատեքստում մենք տեսնում ենք անկուշտ ֆեգիններին, ովքեր երեխաներին իրենց մանկությունը վայելելու հնարավորություն չեն տալիս, ովքեր խժռում են պետության կալորիաները՝ 400-ից պակասը թողնելով երեխաներին:
179 տարի է անցել «Օլիվեր Թուիսթի» առաջին հրատարակությունից: Եւ կան երեխաներ, Հայաստանում ու աշխարհում, ովքեր պաշտոնյաներին ու վերակացուներին դեռ ասելիք ունեն.
– Խնդրում եմ, սը՛ր, ես մի քիչ էլ եմ ուզում:
աղբյուրներ
Չարլզ Դիքենս, «Օլիվեր Թուիսթ»
Oliver Twist, Illustrated or, The Parish Boy's Progress, 2014 Electronic Edition
«Բորգեն Պրոջեքթ» էլէկտրոնային հրատարակություն
http://borgenproject.org/
ՄԱԿ-ի պաշտոնական կայք
http://www.un.org/