Քառօրյա պատերազմի հետևանքով Թալիշից տեղահանված բնակիչները հայտարարում են՝ գյուղ կվերադառնան միայն Ղարաբաղի իշխանությունների հետ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Մանկահասակ երեխայի հետ Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում ապաստանած Մարինե Սահակյանն ասում է՝ պատրաստ է անգամ իր տունը տալ պաշտոնյաների ընտանիքին:
«Մի քանի օր առաջ նախագահն եկել էր, հետը մի հատ մարդ կար, ասաց թե՝ բա թողել եք, փախել եք, գնացեք ապրեք Թալիշում: Ես էլ շատ կուլտուրական ասի՝ դե որ ըտենցա, լավ ավտոներ ունեք, մեր հետ եկեք էնտեղ ապրեք, անպայման ձեր ընտանիքներով, մենք մեր տները ձեզ կտանք, կգնանք գոմերում կապրենք», – «Ազատության» հետ զրույցում պատմել է Սահակյանը:
Թեև հայաստանյան ու ղարաբաղյան պաշտոնյաներից շատերը պնդում են, որ քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը ռազմավարական կամ մարտավարական տարածքներ չի կորցրել, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը տեղահանված թալիշցիների համար նոր բնակավայրեր է կառուցում Ալաշանում, Շուշիում և Լեռնային Ղարաբաղի այլ համայնքներում՝ միևնույն ժամանակ պնդելով, թե կացարանները ժամանակավոր են, Թալիշ վերադառնալն առաջնահերթություն է:
Առաջիկա օրերին Ալաշանում կացարանը պատրաստ կլինի, սակայն մանկահասակ երկու երեխաների մայր, զինվորականի կին Արմենուհի Բայունցը պնդում է՝ Ալաշանում ապրելու համար անհրաժեշտ պայմաններ չկան․ «Մանկապարտեզ չկա, դպրոց չկա, հիվանդանոց չկա, խանութ չկա: Ո՞նց ապրենք էնտեղ: 4-7 տարեկան երեխեքը ո՞նց ապրեն էնտեղ, Կառավարությունն իրենց երեխաներին էդ պայմաններում կպահի՞»:
25-ամյա Աշխենը, քրոջ և մոր հետ, մոտ մեկ ամիս է՝ բնակվում է Ստեփանակերտի հանրակացարաններից մեկում: Մայրաքաղաքում արդեն աշխատանք են գտել, Ալաշան տեղափոխվելու՝ Կառավարության առաջարկը նրանք ևս ընդունել չեն պատրաստվում:
«Ես լսել եմ, որ դա մի ամայի տեղա: Երևի մենք չտեղափոխվենք: Արդեն աշխատում եմ, ի՞նչ կարիք կա գնանք ընենց տեղ, որտեղ ոչ աշխատանք կա, ոչ էլ», – ասում է Աշխենը:
Ալաշանում ժամանակավոր ապրելուն դեմ չէ Անահիտ Մանուկյանը: 16 հոգանոց ընտանիքի ավագ անդամն ասում է՝ 7 մանկահասակ երեխաների, այդ թվում՝ 2 ամսական մանուկի հետ ապրելու այլ վայր չունեն: Կինը, սակայն, մտավախություն ունի, որ Ալաշանը ժամանակավոր բնակավայր չի լինելու, ինչպես խոստանում են Ղարաբաղի իշխանությունները։