Այսօր առավոտյան ժամը 10։00-ից Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչները փակել են Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը։ Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ, ճանապարհը փակած գյուղացիները պահանջում են դադարեցնել Գեղարդալիճ ջրամբարի մոտ անցկացվող շինարարական աշխատանքները։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից իրագործվող ծրագրի, Գեղարդալճից ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ (մասնավորապես, Ողջաբերդ, Ձորաղբյուր, Ջրվեժ)՝ ոռոգման նպատակով: Գողթեցիները, սակայն, պնդում են, որ Գեղարդալճի ջուրը չի բավարարում անգամ իրենց գյուղի հողատարածքները ոռոգելուն։
Ինչպես Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բողոքի ակցիայի մասնակից, Գողթի բնակիչ Վահրամ Սեդրակյանը, մայիսի 21-ին իր համագյուղացիները մասնակցել են հարևան Գառնի համայնքի բնակիչների բողոքի ակցիային, որի ժամանակ Գառնի ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է չեղարկել Ազատ գետից դեպի Արարատի մարզ ջուր տեղափոխելու ծրագիրը և գողթեցիների հետ միասին քննարկել Գեղարդալճի ծրագրի հարցը։ Քննարկումը, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել։
Սեդրակյանի խոսքով՝ մարզպետ Կարապետ Գուլոյանն էլ այդ օրն ասել էլ, որ շինաշխատանքները Գեղարդալճում կդադարեցվեն մինչև քննարկման կազմակերպումը, բայց մինչ օրս դա չի արվել․ այժմ շինարարությունը նույնիսկ ավելի արագ տեմպերով է ընթանում։ Մայիսի 21-ից հետո գյուղի բնակիչներից մի քանիսը, այդ թվում՝ գյուղապետ Արտավազդ Հակոբյանը, այցելել են Կոտայքի մարզպետարան և բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Գեղարդալճի վերաբերյալ նոր նախագիծ կկազմվի։
Գողթեցիները, սակայն, մեզ հետ զրույցում պնդեցին, որ բանավոր պայմանավորվածություններին չեն հավատում, և պահանջում են դադարեցնել շինաշխատանքներն ու որքան հնարավոր է արագ քննարկում կազմակերպել իրենց հետ։