Այսօր առավոտվանից Գողթ-Գեղարդ մայրուղին փակած Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչների բարձրացրած խնդիրը կքննարկվի ՀՀ կառավարության նիստին։ Գողթեցիները պահանջում են կասեցնել Գեղարդալճից ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով Կոտայքի մարզի այլ գյուղեր տեղափոխելու ծրագիրը։ Գողթեցիները բացել են ճանապարհը նրանից հետո, երբ կառավարության ներկայացուցիչները խոստացել են Երևանում հարցի շուրջ քննարկում կազմակերպել։ Բացի դա, Կոտայքի մարզպետարանից բողոքողներին հավաստիացրել են, որ Գեղարդալճի մոտ շինաշխատանքները չեն վերսկսվի։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գողթ գյուղի բնակիչ, բողոքի ակցիայի մասնակից Վահրամ Սեդրակյանը:
Ակցիայի ժամանակ գողթեցիների հետ բանակցել է Գեղարդալիճ ջրամբարի կառուցման գլխավոր ճարտարապետ, ինժեներ Վաչիկ Սահակյանը։ Նա պնդել է, որ ոռոգման համակարգ կառուցելու ծրագիրը միանշանակ դրական է։
«Գողթեցիները միտինգ կանեն, թե չէ՝ միանշանակ մենք պետք է վերականգնեք ջրամբարը», -այս մասին գողթեցիների հետ հանդիպման ասել է Սահակյանը։
Վերջինս ներկայացրել է ծրագրի առավելությունները՝ հավելելով, որ Գեղարդալիճը գտնվում է վատ վիճակում և պետք է անպայման վերանորոգեն այն։ Գողթեցիները համաձայնել են վերանորոգման ծրագրի հետ միայն այն պայմանով, եթե Գեղարդալճի ջուրը շարունակվի օգտագործվել միայն իրենց համայնքի կողմից։ Նրանք այս անգամ նույնպես պնդել են, որ ջուրը հազիվ իրենց է բավականացնում։
«Բոլորն էլ գոհ են լինելու, ես վստահեցնում եմ, չեն լինի հողատարածքներ, որոնք անջրդի մնան։ Գողթի 720 հեկտար հողատարածքներին ջուրը լիովին կբավականացնի», – ասել է հանդիպման մեկ այլ մասնակից՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայրը՝ Յուրա Ջավադյանը, ով ներկայացնում էր ծրագիրը։
Նշենք, որ, համաձայն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրի, նախատեսվում է Գեղարդալճի ջրին ավելացնել նաև Գիլանլար ջրանցքի ջուրը և անտեղից էլ ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով տեղափոխել Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ՝ Հացավան, Գեղադիր, Ջրվեժ, Ողջաբերդ։
«Նախնական ծրագրով Գիլանլարի ջուրը չպետք է բերվեր, հետո միայն գողթեցիների խաթր և ռիսկերից խուսափելու համար մենք այս ծրագրերի սահմաններում կբերենք նաև Գիլանլարի ջուրը։ Այսպես ասած ծրագիրը լրացվում է և բարձրացվում է ապահովությունը։ Ես մեծ լավություն եմ համարում, որ Գիլանլարի ջուրը բերում ենք», – ասել է Վաչիկ Սահակյանը։