Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով Վերաքննիչ դատարանի մայիսի 12-ի որոշումը։ Դրա համաձայն, Գերավետյանը պարտավոր է երկու ամսվա ընթացքում լքել իր բնակարանը։ Վճռաբեկի իր բողոքում բնակիչը պնդում է՝ Վերաքննիչի վճիռը կայացվել է դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումով, և ինքը չի պատրաստվում լքել իր բնակարանը։
Իր բողոքում Գերավետյանը նշել է մի շարք հանգամանքներ, որոնք Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել որոշումն ընդունելիս։
Բնակիչն ընդգծում է՝ Կառավարությունը 2013 թվականին որոշում է կայացրել, համաձայն որի՝ հասարակության և պետության կարիքների համար Գերավետյանը պարտավոր է լքել իր բնակարանը և այն հանձնել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին։ Ինքը, սակայն, այդ որոշումը ստացել է 1 ու կես ամիս ուշ, ինչն արդեն իսկ օրենքի լուրջ խախտում է։ Վերջին փաստի վրա, պնդում է Գերավետյանը, ուշադրություն չեն դարձրել սկսած Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից։ Դրան հակառակ, հայցվոր կողմը՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, պնդում է, որ հասցեատերը միտումնավոր հրաժարվել է այն ստանալուց։ Գերավետյանը համաձայն չէ այդ վարկածի հետ․ նա ընդգծում է, որ նման դեպքերում ծանուցումը կվերադարձվեր ընկերությանը «մերժված» նշագրումով, ինչը տեղի չի ունեցել։
Արդեն իսկ Վերաքննիչ դատարանում Գերավետյանը ներկայացրել է երևան եկած մի նոր հանգամանք, որի վրա դարձյալ դատարանը ուշադրություն չի դարձրել։ Բնակարանի փոխարեն փոխհատուցման գումարի չափը սահմանող անշարժ գույքի գործակալության «Անիկոմ» ՍՊԸ-ի մասնագետ Պյոտր Գրիգորյանցը մասնագիտական որակավորման ստուգումը չի անցել, 01.01.2014 թ. մինչև 31.12.2014թ. ընկած ժամանակահատվածում (Գերավետյանի բնակարանի գնահատման ժամանակ-խմբ․) չի ունեցել անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական, հետևաբար նրա կողմից կատարված գնահատումը չի կարող դրվել վճռի հիմքում:
Բացի դրանից, դեռևս առաջին ատյանի դատարանը մերժել էր գործում փաստաբան ներգրավելու Գերավետյանի կողմից ներկայացված միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ վերջինս ցանկություն է հայտնել փաստաբան ներգրավել միայն այն բանից հետո, երբ դատարանն արդեն իսկ ավարտել է ապացույցների հետազոտումը:
Գերավետյանի խոսքով՝ փաստաբան ներգրավելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ իր կողմից բերված ապացույցները և վկայակոչված հանգամանքները հաշվի չեն առնվել դատարանի կողմից։ Մերժելով այդ միջնորդությունը, պնդում է Գերավետյանը, դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիան»։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել էին բացառիկ հանրային գերակա շահ և որոշում էր ընդունվել դրանք քանդել, տարածքը հանձնելով Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերզ» ընկերությանը, որն էլ պետք է փոխհատուցում տա բնակիչներին։ Վերջիններս հրաժարվում են լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, իսկ գումարի այլընտրանքը՝ տրամադրվող բնակարանները, բնակիչների պնդմամբ՝ վատ որակի են: