Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի՝ երկրի Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու որոշումը սուր քննարկումների առիթ է դարձել։ Մինչդեռ, երիտասարդներին շարունակում են զինակոչել այլ ուժային մարմիններ։ Ոմանք նախարարին մեղադրում են նախընտրական պոպուլիզմի, մյուսները՝ կոմպետենտության բացակայության մեջ, գրում է «Էխո Կավկազա» կայքը։
27 տարին չլրացածներից շատերը հասցրեցին և՛ ուրախանալ, և՛ տխրել։ Քաղաքացիներին կշարունակեն զինակոչել թե՛ Ներքին գործերի նախարարությունը, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը, թե՛ Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունը։ Զորակոչ չի իրականացնի միայն Պաշտպանության նախարարությունը՝ համաձայն դրա ղեկավարի՝ Թինա Խիդաշելիի որոշման։
Ընդ որում, նա հայտարարել է, որ անհամաձայնության դեպքում, հաջորդ նախարարն ի վիճակի կլինի վերացնել իր հրամանը․ «Ասել էինք, որ 2017 թվականից սկսած Վրաստանի Զինված ուժերում զորակոչեր չեն լինի։ Դա ունի շատ պարզ բացատրություն՝ բանակին պետք չեն իրենց կամքին հակառակ ծառայող զինվորներ։ Վրաստանի Զինված ուժերում ծառայությունն արժանապատիվ է, ու պետք չէ որևէ մեկին ստիպել լինել իր երկրի զինվորը»։
Պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին պաշտպանության նախարարի հետ համաձայն չէ ու ասում է, որ վերջինս իր որոշումը չի համաձայնեցրել ո՛չ Վրաստանի վարչապետի, ո՛չ նախագահի, և ոչ էլ անվտանգության խորհրդի հետ։
«Նա, հավանաբար, ունի չզորակոչելու իրավունք, բայց նա չպետք է միջամտի պաշտպանության քաղաքականության ոլորտին։ Քանի որ դա պետք է որոշի խորհրդարանը։ Սահմանադրության մեջ գրված է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները զինապարտ են։ Դա քաղաքականության մաս է, ու նա չի կարող փոխել քաղաքականությունը, բայց կարող է որոշակի փուլում հրաժարվել զինակոչիկներից՝ ելնելով այն հանգամանքից՝ արդյոք ունի կազմը լրացնելու կարիք, թե՝ ոչ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե նրա որոշումը ծառայում է նեղ քաղաքական շահերի ու քաղաքական փիառի մաս է։ Առավել ևս, որ նա, ամենայն հավանականությամբ, իր պաշտոնը կլքի երկու շաբաթից»,֊ ասել է Սեսիաշվիլին՝ նկատի ունենալով Խիդաշելիի հնարավոր մասնացությունը խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության կազմում։
Ի հավելումն, քաղաքական գործիչը նշել է, որ ՊՆ ղեկավարի հրամանը կարող է չեղյալ հայտարարվել վարչապետի կողմից, ով համոզված է, որ Զինված ուժերում պարտադիր զինծառայության վերացման հարցն անհրաժեշտ է քննարկել կառավարության ու Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայն է նաև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
«Նոր քաղաքական կենտրոն – Գիրչի»-ն անցած տարվա վերջին փորձել էր հարցը բարձրացնել խորհրդարանում, սակայն չէր կարողացել ստանալ պատգամավորների աջակցությունը։ Միևնույն ժամանակ, «Գիրչի»֊ի առաջատարներից մեկը՝ Գոգա Խաչիձեն, պնդում է, որ իրենք ցանկանում էին հասնել երկրում պարտադիր զինծառայության ամբողջական վերացման։ «Զինակոչիկների 75 տոկոսին տանում են որպես տարբեր օբյեկտների պահակներ ու անվտանգության ծառայողներ՝ պատիժների կատարման վարչություն, օրինակ, ու միայն 25 տոկոսին՝ բանակ։ Այժմ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորակոչ այլևս չի իրականացնելու․ հետաբար, զինակոչիկների արդեն 100 տոկոսն է ծառայելու որպես անվճար աշխատուժ»։
Ռազմական փորձագետ, գեներալ Ամիրան Սալուկվաձեն համոզված է, որ նախարարը պետք է «խորհրդակցեր բանիմաց մարդկանց հետ»։
««Մեզ պետք չեն իրենց կամքին հակառակ բանակ բերված մարդիկ» մոտեցումը սխալ է։ Կախված է իրավիճակից․ երբ այն ճգնաժամային է կամ պատերազմական, մենք քաղաքացիներին չենք հարցնում՝ նրանք պատերազմ ցանկանում ենք, թե ոչ։ Նախարարի որոշման մեջ ինձ համար ամենաանընդունելին այն է, որ նա այն կայացրել է լինելով անպատրաստ, առանց հանրային հատվածի, փորձագիտական հանրության, առանց լիարժեք վերլուծության։ Նման հապճեպ կերպով որոշումներ ընդունել չի կարելի, առավել ևս, որ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկար»։
Անցած գարնանը Վրաստանի Պաշտպանության նախարարությունը զորակոչել էր շուրջ հինգ հարյուր մարդու, այս գարնանը՝ երկու անգամ ավել՝ մոտ հազար։ 2016 թվականին, ընդհանուր առմամբ, պարտադիր զինծառայության է անցել մինչև 3 հազար զինակոչիկ։