Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան՝ Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու համար։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը։ Զաքարյանի խոսքով՝ հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը առանց Սեֆիլյանի և իր ներկայության դատական նիստ է արել և մերժել իրենց դիմումը։
«Դատարանում սպասել եմ 1 ժամ և նիստը չի եղել։ Հետո ինձ անհայտ պատճառներով նիստը արել են և որոշել մերժել մեր դիմումը», – ասել է Զաքարյանը։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, նա մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Ինքը՝ Սեֆիլյանը, ինչպես նաև «Նոր Հայաստան» շարժումը, մի շարք այլ նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում են որակում։