Home / Տեսանյութեր / «Սասնա ծռերի» համար՝ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր֊Պետրոսյանի տների մոտ

«Սասնա ծռերի» համար՝ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր֊Պետրոսյանի տների մոտ

«Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, սրիկա» մի քանի անգամ գոռաց ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն այսօր առավոտյան անցնում էր Դեմիրճյան֊Պռոշյան փողոցների խաչմերուկով։

Գասպարին արդեն 3-րդ օրն անընդմեջ ակցիա է անցկացնում վերոնշյալ փողոցների անկյունում՝ ձեռքին պաստառ, որի վրա գրված է «Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, սրիկա»։ Մի քանի նմանատիպ ակցիա էլ Գասպարին արել հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել էին ՊՊԾ գունդը։

Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում Գասպարին նշել է, որ ակցիաներն անցկացնում է ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի տղաներին։

«Այս պահին նախատեսում եմ ակցիան անել այնքան ժամանակ, մինչև «Սասնա ծռերի» ճակատագիրը պարզ դառնա։ Նրանք մեղադրվում են շինծու մեղադրանքներով։ Ֆիզիկապես չգիտեմ, որքան կարող եմ, բայց, համենայնդեպս նախատեսում եմ շարունակել ակցիաս, քանի դեռ մարդիկ, ազնվագույն մարդիկ ազատազրկման մեջ են և անմարդկային, դաժան վերաբերմունքի են արժանանում։ Սա նվազագույնն է՝ ինչ կարող եմ անել, օրը մեկ֊երկու ժամ հատկացնեմ այս ակցիաներին», ֊ ասել է Գասպարին։

Նա նշել է, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները, ինչպես նաև այդ օրերին ձերբակալված այլ անձինք, այժմ հայտնվելու են բանտերում և հանդիպելու են «զոն նայողներին», ինչն ինժեների համար մեծագույն մտահոգության առիթ է։

«Էդ մարդիկ ենթարկվելու են «զոնայի» օրենքներին։ Իրանց ասելու են՝ ինչ արել ես, չես արել, դա այլ խնդիր է, ստեղ գողական բերդ ա, պետք ա «օբշակին» մուծես էսքան գումար, պետք ա ենթարկվես։ Ինձ համար կարևոր խնդիր է, որպեսզի չկեղեքվի մարդկանց արժանապատվությունը։ Ես պահանջում եմ և՛ իշխանություններից, և՛ հանրությունից, և՛ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից, որոնց ձայն եմ տվել ընտրություններին, հետևել խնդրին», ֊ ասել է Գասպարին։

Նա ընդգծել է, որ պիկետներ է անցկացնում նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորների, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանի տան դիմաց (ՀԱԿ խմբակցության պատգամավորների մի մասը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամներ են ֊ խմբ․)։

«Լևոն Տեր֊Պետրոսյանի տան դիմաց պիկետ անելով՝ պահանջում եմ, որպեսզի ԱԺ տվյալ խմբակցության պատգամավորները գործուն մասնակցություն ունենան ընթացող պրոցեսներում։ Անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշում են նրանք ընդունել, բայց փաստը նա է, որ հարյուրավոր մարդիկ աննախադեպ բռնությունների են ենթարկվում, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները քար լռություն են պահպանում», ֊ նշել է Գասպարին՝ հավելելով, որ դա շատ նվաստացուցիչ և դատապարտելի վերաբերմունք է պատգամավորների կողմից։