ՀՀ քաղաքացի Աննա Շահնազարյանը հրաժարվում է ԱԱԾ֊ի և Ոստիկանության ծառայություններից և պահանջում է իր վճարած հարկերից այդ կառույցներին հասցեագրվող մասնաբաժինն ուղղել կրթական համակարգին։ Շահնազարյանը հուլիսի 29-ի առավոտյան իր բաց նամակն ուղարկել է ԶԼՄ֊ներին՝ նշելով, որ այն ուղղված է «ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած Գ․ Կուտոյանին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վ․ Գասպարյանին», ինչպես նաև ի գիտություն «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ս․ Սարգսյանի, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գ․ Խաչատրյանի»։
«Ես՝ ՀՀ քաղաքացի Աննա Շահնազարյանս, հայտարարում եմ, որ հրաժարվում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության՝ օրենքով սահմանված ծառայություններից, դրանք են՝ ապահովել իմ կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից, ինչպես նաև իրենց գործունեությունն իրականացնելիս երաշխավորել մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։
Իմ հրաժարումը հիմնավորում եմ հանրությանը հայտնի այն փաստերով, հատկապես 2016թ․ հուլիսի 17-ից հետո ժամանակահատվածում, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողներն իրենք են կատարում հանցավոր և հակաիրավական ոտնձգություններ իմ և քաղաքացիների նկատմամբ, պաշտպանում են ոչ թե մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն, այլ գաղութարար պետությունների և սուբյեկտների, ՀՀ ժողովրդի իշխանությունը յուրացրած անձանց ու կուսակցությունների ապօրինի և հակաիրավական շահերը։
ՀՀ ԱԱԾ֊ն և ոստիկանությունը հայտարարում եմ օրենքից և իրավունքից դուրս։
Ի գիտություն ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ քանզի ես հրաժարվում եմ հակաիրավական այս կառույցների՝ ինձ համար նախատեսված ծառայություններից, պահանջում եմ իմ վճարած հարկերից առանձնացնել ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին փոխանցվող մասնաբաժինը և ուղղել ՀՀ կրթական համակարգին։
ՀՀ քաղաքացի՝ Աննա Շահնազարյան», ֊ նշված է բաց նամակում։