Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ձերբակալված անդամ Կարո Եղնուկյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այսօր Azatutyun.am–ի հետ զրույցում այս մասին ասել է Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
Փաստաբանի խոսքով՝ Եղնուկյանը հյուծված է և հազիվ է խոսում․ «Մոտ 9 կիլոգրամ նա արդեն նիհարել է, շատ թույլ է, ճնշումը ցածր է։ Եղնուկյանը մոտ 60 տարեկան է և, դրանից բացի, միշտ դեղեր ու վիտամիններ էր խմում, որոնք հիմա չի խմում, որովհետև բժիշկները թույլ չեն տվել»։
Հայրապետյանը նշել է, որ դեռևս մինչև ձերբակալությունը Եղնուկյանը գտնվում էր նախաինսուլտային վիճակում և բուժում էր ստանում, սակայն այժմ բժիշկներն արգելել են խմել նշանակած դեղերը և նրա վիճակն ավելի է վատացել․ «Նրա հարազատները և բժիշկները խնդրում են նրան, որ դադարեցնի հացադուլը, բայց հյուծվածության պատճառով չի կարողանում դեռ կողմնորոշվել»։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Եղնուկյանն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել Եղնուկյանին, ինչից հետո նա որպես բողոքի միջոց հացադուլ է սկսել։