Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն Սարի թաղի գործով նիստի ընթացքում փորձել է շարունակել դատաքննությունը՝ ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայության պայմաններում։
Ոստիկանների նկատմամբ խմբակային կերպով բռնություն գործադրելու մեղադրանքով անցնում են Սարի թաղ երևանյան թաղամասի 9 բնակիչներ։ Այսօրվա նիստը երրորդ նշանակվածն էր, սակայն նախորդ նիստերը չէին գումարվել մեղադրող դատախազների՝ անհայտ պատճառներով բացակայության հետևանքով։ Այսօրվա նիստին մեղադրողներ Մանուկյանն ու Գևորգյանը եկել էին, սակայն բացակայում էր մեղադրվողներից մեկի՝ Անդրանիկ Քյոսեյանի հանրային պաշտպան Դավիթ Մնացականյանը։
Ամբաստանյալներից մեկի՝ Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը առարկել է, որ դատը շարունակվի։ Նա ասել է, որ նախագահող դատավորը օրենք է խախտում և այդ հիմքով բացարկ է հայտնել դատավորին։ Շուրջ մեկ ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավորը մերժել է իրեն հայտնած բացարկի միջնորդությունը, սակայն դատական նիստը համաձայնել է հետաձգել՝ պատճառաբանելով, թե «փաստաբանները առարկում են»։
«Ոչ, փաստաբանները չեն առարկում, այլ քրեական դատավարական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասը», – արձագանքել է Լիպարիտ Սիմոնյանը։
Ընդմիջման ժամանակ կտրուկ վատացել է Էդուարդ Զեյթունյանի ինքնազգացողությունը, շտապ օգնություն են կանչել։ Նա բողոքում է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն «Նուբարաշենի» ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն չի ստանում։
Լրագրողների հետ զրույցում ձերբակալված 9 բնակիչների հարազատներն ասել են, որ շարունակելու են պայքարը և դիմելու են բոլոր պետական մարմիններին, սակայն թույլ չեն տալու իրենց հարազատները ենթարկվեն 5-8 տարվա ազատազրկման։
«Ստրուկի պես ապրել ենք, մի անգամ բողոքեցինք, որ գազը, ջուրը, տրանսպորտը, ամեն ինչը կտրել էին, մի անգամ ձայն հանեցինք, պատժվում ենք։ Մենք բոլորս սպասում ենք՝ մեր տղաներին բաց թողնեն, մի օր չենք թողնի մնան էս երկրում», – ասել է ամբաստանյալների հարազատներից մեկը։
Նշենք, որ Սարի Թաղի 9 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարի Թաղի 9 բնակչի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։