«Երկրագունդը պատկանում է յուրաքանչյուրիս, այն մեր բոլորի ունեցվածքն է»։ Հրապարակախոս, ակտիվիստ, ագարակատեր Վենդել Բերրիի այս խոսքերով պաստառը փակցված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պարսպին։ Կողքին էլ մշակութային մարդաբան, գրող Մարգարեթ Միդից մեջբերում է․ «Եթե կործանենք շրջակա միջավայրը, հասարակությունն այլևս գոյություն չի ունենա»։ Պաստառների վրա՝ գրությունների կողքին, կանաչ դաշտեր, մարգագետնիններ են պատկերված։
Հենց դրանց ֆոնին այսօր մի խումբ հայաստանյան բնապահպաններ սոլիդարության ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն ԱՄՆ֊ի Հյուսիսային Դակոտա նահանգում պայքարող բնիկ ամերիկացիների։ Նրանք ամիսներ շարունակ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Հյուսիսային Դակոտայում կառուցվող նավթամուղի դեմ: Բողոքողները նշում են, որ նավթամուղի գործարկման դեպքում այն կարող է վտանգել մոտ 8 միլիոն մարդկանց հասանելի ջրի աղբյուրները:
Հայաստանցի բնապահպաններն ԱՄՆ դեսպանատան մոտ «Մարդիկ գազատարից կարևոր են», «Ջուրը կյանք է», «Ոչ Ամուլսարի հանքին» գրություններով պաստառներ էին պահել։
«Այսօր Դակոտայում ընթանում են նավթամուղի կառուցման աշխատանքներ, որոնք վնասում են նրանց բնակության տարածքները։ Մենք այստեղ նույնպես բախվում ենք այդպիսի խնդիրների և կարիք ունենք միջազգային սոլիդարության։ Այդ հարցի հետ կապված մենք այսօր նամակ ենք եկել հանձնել դեսպան Ռիչարդ Միլսին։ Նամակում անդրադարձել ենք նաև ռասիզմի խնդրին, քանի որ այս ծրագիրը շրջանցել է սպիտակ ամերիկացիների բնակության տարածքները և միայն բնիկ ամերիկացիների բնակության տարածքներին է վերաբերում», – ասել է ակցիայի մասնակից Արփինե Գալֆայանը։ Նրա խոսքով` ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ընթացքում բռնությունների են ենթարկվել թե՛ ակցիայի մասնակիցներ, թե՛ լրագրողներ։
Ակցիայի մեկ այլ մասնակից Աննա Շահնազարյանն իր խոսքում անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին։
«Եթե հանքը շահագործվի, ապա վտանգները, որոնք կան, անդառնալի հետևանքներ կարող են թողնել։ Այստեղ սա շեշտում ենք, քանի որ ԱՄՆ-ի նախկին և ներկայիս դեսպանները, ինչպես նաև նրանց միջոցով տարբեր կազմակերպություններ մեծապես հովանավորում և աջակցում են այս ծրագրի իրականացմանը։ Հյուսիսային Դակոտայում պայքարում են իրենց ջրերի և սրբությունների համար, նույն կերպ էլ մենք ենք այստեղ պայքարում մեր ջրերի համար», ֊ ասել է Աննա Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում