Արիս Նալչի, լրագրող
Տպագրվել է՝ asbarez.com֊ում
ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայիս մտածելակերպի հետ իմ խնդիրները սկսվել են դեռևս 2000֊ականների սկզբին, երբ ես մասնակցում էի Համահայկական մեդիա կոնֆերանսին, իսկ իմ ազգանունը չէր ավարտվում «յան»֊ով։
Քանի որ ես Թուրքիայից ամենաերիտասարդ մասնակիցն էի, լրատվամիջոցներն ինձանից հարցազրույցներ էին վերցնում և առաջին հերթին հարցնում․ «Ինչո՞ւ ձեր ազգանունը չունի «յան» վերջավորությունը»։ Հարցնում էին նաև՝ արդյոք ես իսկապես հայ եմ, թե թուրք, որը հայերեն խոսել գիտի։
Զավեշտալի էր, որ այդ հարցերը տալիս էին Հայաստանի որոշ հայեր, ում ազգանունները ավարտվում էին «ովա»֊ով։ Այնպես, ինչպես նրանք ռուս չէին, ես էլ թուրք չեմ։ Վերջ։
Վերջին 17 տարիների ընթացքում ես շատ սերտ կապեր ունեմ Հայաստանի հետ։ Իմ ամենալավ ընկերները` քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, այնտեղից են։ Ես չեմ ուզում նշել բոլոր այն հիանալի մարդկանց, ովքեր դեռ այնտեղ են։ Նրանց միշտ պատրաստ եմ եղել ընդունել իմ տանը (որտեղ էլ որ այն լինի)։
Ես նույնիսկ աշխատել եմ Հայաստանում գրեթե մեկ տարի՝ 2008 թվականին, գրել եմ մի քանի հրատարակչությունների համար, այդ ժամանակ ես փորձում էի հասկանալ «Նոր Հայաստանի» մտածելակերպը։ Այնուհետև իմ Հայաստան կատարած հաճախակի այցերի ընթացքում ես միշտ բախվում էի Սփյուռքի նախարարության կոնցեպտին։
Նախ, Սփյուռքի նախարարը որոշել է, որ ռուսաստանցի հայերը և մենք՝ Թուրքիայի հայերը, պետք է դասակարգվենք որպես «ներքին սփյուռք»։ Չնայած իմ փորձերին, ես չհասկացա՝ ինչպես է այդ դասակարգումն արվել, ով է դա որոշել։ Ինչևէ, նրանք դեռ օգտագործում են եզրը։ Ես միշտ մտածել եմ, որ Հայաստանի Սփյուռքի նախարարը պետք է լինի ուժեղ մարդ՝ Սփյուռքից, ով կմիավորի աշխարհի հայերին, ոչ թե կբաժանի։
Հայաստանը ղեկավարում է նախագահը։ Երկիրը պաշտոնապես ունի մոտ 3 միլիոն բնակչություն և 2.5 միլիարդ դոլար բյուջե (2017 թվականի կանխատեսումներով)։ Սփյուռքի նախարարը, մյուս կողմից, պատասխանատու է Հայաստանի և իր մեծ սփյուռքի համայնքների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Սփյուռքը մոտ 7 միլիոն մարդ է՝ տարբեր քաղաքացիություն և կենսագրություն ունեցող մարդկանցով։ Սփյուռքի նախարարության բյուջեն ևս վերը նշված գումարի մաս է կազմում։
Ինչ Սփյուռքի նախարարությունը հիմնվել է, այն շարունակում է մնալ մի ինստիտուտ, որի միակ նպատակը, կարծես, սփյուռքահայ նվիրատուներին, մշակութային գործիչներին և բարերարներին պատվելն է։
Մի քանի շաբաթ առաջ Սփյուռքի նախարարը հանդիպել է Բելգիայի հայերի մի պատվիրակության հետ։ Երբ ես իմացա, թե ինչեր է նա ասել, ես ստիպված էի ճշտել մի քանի աղբյուրներից․․․ Եվ նա իսկապես ասել էր այդ բաները։
Նախարար Հակոբյանի խոսքերը ներառում էին երեք հիմնասյուներ, որոնք նաև ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը վերաբերվում Սփյուռքին։ Նա ասել է․
֊ Մի փոխեք ձեր ազգանունները։ Եթե դուք չունեք «յան» վերջավորությամբ ազգանուն, դուք հայ չեք։
֊ Մի կտակեք ձեր ունեցվածքը ձեր երեխաներին։ Տվեք ձեր ունեցվածքը Հայաստանին, որովհետև ձեր երեխաները իրենց հասած ժառանգությունը կծախսեն թմրամիջոցների և այլ նման բաների վրա։
֊ Մեր կողմից՝ մենք ձեզ կսովորեցնենք՝ ինչպես հայ լինել։
Ես սա ճշտել եմ երեք տարբեր մարդկանցից և նրանք բոլորը հաստատեցին, որ վերոնշյալը Հայաստանի Սփյուռքի նախարարի մեսիջն էր բրյուսելցի եղբայրներին և քույրերին։
Իմ խորը մտահոգություններով ես կիսվեցի ընկերոջս՝ Պեդո Կեսարացու հետ, ով ասաց․
«Այսպիսով պարզվում է՝ Թորոս Ռոսլինը, Գրիգոր Տաթևացին, Անանիա Շիրակացին, Մովսես Խորենացին, Մխիթար Գոշը, Ֆրիկը հայեր չէին՝ համաձայն «աբսուրդի նախարարի»»։
Բելգիահայերի հետ նույն զրույցում Սփյուռքի նախարարը նաև ասել էր, որ նա հավանում է Թուրքիայի հայերին։
Այսպես, որպես հայ, որը չունի «յան»֊ով ազգանուն, ես կցանկանայի հարգելի նախարարին ասել, որ մենք՝ Թուրքիայի հայերս, չենք անհանգստանում նրանից, որ մեզանից ոմանք «յան»֊ով ազգանուններ չունեն, քանի որ մեր անունները չեն մեզ հայ դարձնում, մեր արյունը, մեր մշակույթը և ավելի կարևոր այլ փաստեր են մեզ հայ դարձնում, փաստեր, որ ձեր նախարարությունը հաշվի չի առել։
Թույլ տվեք մի քանի անուններ տալ․ Հրանտ Դինք, Հակոբ Այվազ, Գուլլու Ագոպ, Գարո Փայլան (քաղաքական գործիչ), Սելինա Դողան Օզուզուն (քաղաքական գործիչ) , Հայկո Բագդատ (գրող/լրագրող), Կարին Քարաքաշլը (գրող), Օհանես Քըլըչդաղ (գիտնական), Արուս Յումուլ (գիտնական), Արշալույս Կայիր (գիտնական), Միսակ Թորոս (արվեստագետ), Դիրան Բակար (փաստաբան), ցանկը շարունակելի է։ Սրանք անուններ են, որ միանգամից մտքիս են գալիս, երբ ես մտածում եմ Թուրքիայի հայերի մասին։
Եվ մի մտածեք այս երևույթը միայն Թուրքիայի հայերին է վերաբերվում։ Եկեք մի այլ ցանկ կազմենք, որը սկսվում է Շարլ Ազնավուրի անունով։
Հետաքրքիր է, որ նախարարը նաև խոսել է «իսլամացված» հայերի տառապանքների մասին, ում նա կցանկանար օգնել։ Դա անելու համար, սակայն, նա պետք է վերաիմաստավորի մեր ազգը սահմանելու մասին ունեցած իր կոդը։
Բայց, նախ և առաջ, ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարը պետք է հրաժարական տա, քանի որ նա «ոչ֊յան»֊ների նախարարը չէ։