Քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության, խցերի վատ վիճակի, քաղբանտարկյաների մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում մարդիկ հարցեր են ուղղվել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։
Մի քանի ֆեյսբուքյան օգտատերերի հետաքրքրել է, թե նախարարն արդյոք տեղյա՞կ է, որ Հայաստանում կան մոտ 70 քաղբանտարկայլներ, ինչպես օրինակ՝ Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Շանթ Հարությունյանը, Կյուրեղյան եղբայրները և այլք։ Օգտատերերն անդրադարձել են նաև նախարարի՝ ամիսներ առաջ հնչեցրած այն մտքին, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։
«Այն գնահատականը, որը ես հնչեցրել եմ, հիմնված է եղել Եվրոպայի խորհրդի կողմից այդ հասկացության տրված չափանիշների հիման վրա։ Ես ասել եմ, այո՛, այդ գնահատականը, որ չկան քաղբանտարկյալներ, բայց [դա] կոնկրետ դեպքի է վերաբերվել։ Բայց այս հարցը շատ ընդհանրական է, ես ոչ անունները գիտեմ, ոչ գործերը գիտեմ, որ գնահատական հնչեցնեմ, դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրություն», – պատասխանել է Հովհաննիսյանը։
Հարցին, թե ինչպես է նախարարը վերաբերվում նրան, որ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է միայն տոնածառ դնելու համար, նախարարը պատասխանել է, թե քանի դեռ չի ավարտվել դատական նիստը, իրեն իրավունք չի վերապահում գնահատական հնչեցնել։
Բազմաթիվ հարցեր են հնչել նաև մոտ 5 ամիս անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի աջակից, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին, որը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ (ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն՝ հոդերի շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումների հակումով)։ Հարցի հեղինակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշել է նաև, որ Կառավարության կողմից հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում Սարգսյանի հիվանդությունը առկա է։
Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ Սարգսյանը միայն դեկտեմբերի 11-ին է գանգատվել սրտխառնոցից և առողջական վիճակից, դրանից հետո տեղափոխվել է «Էրեբունի» և նրան օգնություն է ցուցաբերվել։
Նշենք, սակայն, որ համաձայն Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի՝ միայն կալանավորի խնդրանքներից և այն բանից հետո, երբ նա սկսել է արյուն փսխել, նրան տարել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ նշանակվել է դեղորայքային բուժում։ Դրանից հետո կալանավորը կրկին տեղափոխվել է բանտ։ Ըստ փաստաբանների՝ Սարգսյանին նշանակված բուժումը, սակայն, բանտում չի ապահովվել։
Ինչ վերաբերում է հիվանդությունների վերաբերյալ Կառավարության ցանկին, որոնք ենթադրում են կալանքից ազատում, Հովհաննիսյանը նշել է, որ ոսկրային հիվանդությունները, ըստ էության, «զուգորդումներ են պահանջում պատժից ազատելու տեսանկյունից»։ Այսինքն՝ պետք է պրոգրեսիվ ծանր ընթացք, ոչ թե ինքնին հիվանդության առկայությունը։
«Միայն օրեր առաջ է Սարգսյանը ներկայացրել 16 տարվա վաղեմության փաստաթուղթը, որտեղ նշված է եղել իր հիվանդությունները։ Քանի որ տեղեկանքը միայն վերջերս է ներկայացվել, այդ ուղղությամբ ախտորոշումներ կկատարվեն, հետազոտություններ կարվեն», – խոստացել է Հովհաննիսյանը։
Օգտատերերը անդրադարձել են նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով արդեն 8 ամիս անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարած Ներսես Պողոսյանի առողջական վիճակին։ Վերջինս ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածով։ Արդարադատության նախարարը, սակայն նշել է, որ ինքն այդ դեպքին ծանոթ չէ, բայց «կուսումասիրի և կպարզի» խնդիրը։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը հարց էր բարձրացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկի դաժան և անմարդկային պայմանների, միջատների առկայության, խցերի գերծանրաբեռնվածության մասին։ Ըստ նրա՝ կալանավորները քնում են հերթափոխերով և անգամ սեղանների տակ։ Այդ խնդրին ավելի վաղ անդրադարձել էին նաև այլ իրավապաշտպաններ։
«Այո՛, ես չեմ կարող չհամաձայնել, որ «Նուբարաշեն»-ը բարոյապես ամենաքայքայված հիմնարկների թվին է դասվում։ Չի բացառվում նոր ՔԿՀ-ների կառուցումը։ Այդ խնդիրը կա և լուծման համար հսկայական ժամանակ և ռեսուրսներ են պահանջվում։ Ինչ վերաբերում է այն հարցին, երբ մի խցում ստանդարտները գերազանցող [թվով] բանտարկյալներ են պահվել, այն ժամանակից, երբ 2015 թվականից սկսվեց շահագործվել «Արմավիրը» և սկսվեց տեղաբաշխման գործընթացը, այս խնդիրը նվազել է», – ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պետք է նշել կոնկրետ խուցը և դեպքը։
Ինժեներ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին բարձրաձայնել է բանտի խցի ոչ պաշտոնական վարձավճարի հետ կապված հարցը, ըստ նրա՝ այդ գները թանկացել են․ եթե տարիներ առաջ 5000-10000 դրամ էր, հիմա 50․000-70․000 հազար դրամ է։
Նախարարը նշել է, որ դա փաստորեն հաղորդում է հանցագործության մասին և ասել, որ իրավապահ մարմիններին կուղարկի՝ քաղաքացու հետ համագործակցելով դեպքը պարզելու։