Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր պահանջել են պատժի ենթարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանին: Ցուցարարները պնդում են, որ դատավորն անօրինական որոշում է կայացրել՝ 5 երեխաների մայր Լուսինե Ղաբուզյանին պարտադրելով իր զավակներից 3-ին նրանց հոր մոտ թողնել մինչև դատական գործընթացի ավարտը։
Լուսինե Ղաբուզյանը 2015 թվականից չի ապրում իր քաղաքացիական ամուսնու՝ Կարեն Խեչոյանի հետ, ով համատեղ կյանքի ընթացքում նրան պարբերաբար ծեծի է ենթարկել։ Նա դիմել է դատարան, պահանջելով բոլոր երեխաներին իր մոտ թողնել. դատական գործընթացը դեռ չի ավարտվել, բայց դատավորը որոշում է կայացրել 5 երեխաներից 3-ին հոր մոտ թողնել։
«Դատավորն առանց կողմերին ծանուցելու 2016 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել՝ առանց պատճառաբանության սահմանափակելով Լուսինեի իրավունքներն իր երեխաների հանդեպ։ Նա Լուսինեին պարտադրում է վերադարձնել Կարեն Խեչոյանին 5 երեխաներից 3-ին: Լուսինեն անգամ չի ծանուցվել որոշման մասին, և մենք միայն 2017 թվականի հունվարին, երբ ԴԱՀԿ֊ից զանգահարել են, նոր տեղեկացել ենք, որ Լուսինեն պետք է երեխաներին վերադարձնի հորը։ Մենք բողոքում ենք, որովհետև չի կարելի անօրինաբար երեխաներին խլել մորից, այն դեպքում, երբ 1 տարի 6 ամիս հայրը թույլ չէր տալիս, որ մայրը տեսակցի նրանց։ Բացի դա, հոր խնամակալության տակ մնացած 3 երեխաներն անգամ նրա մոտ չեն եղել, այլ եղել են նրա ծնողների մոտ՝ Վանաձորում»,- Epress.am-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ֊ի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը։
Այս պահին 5 երեխաներն էլ գտնվում են մոր մոտ, քանի որ դեկտեմբերի 14-ին, երբ մայրը գնացել է դպրոց երեխաներին տեսնելու, նրանք ցանկացել են մոր հետ մնալ։
Գևորգյանի խոսքով՝ սա դասական ընտանեկան բռնության դեպք է․ կինը հերթական անգամ բռնության ենթարկվելուց հետո փախել է տանից, հայրն էլ ցանկանում է երեխաներին ստիպողաբար պահել իր մոտ․ «Այստեղ կա հստակ խտրականություն։ Սա հայրիշխանական համակարգի արդյունքն է։ Տղամարդկանցով հավաքվում են, տղամարդկանցով որոշում են։ Մինչև այսօր մարզը միշտ գործել է միայն ի օգուտ Կարեն Խեչոյանին, և միայն ոստիկանության անչափահասների բաժինն է օգնել Ղաբուզյանին։ Մնացած ոչ մի [պետական] կառույցից ոչ մի աջակցություն չի ստացել Լուսինեն»։
Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ ցույցի մասնակիցները նամակներ են հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Մարդու իրավուքների պաշտպանին, Արդարադատության խորհրդին և պահանջել են կանխել դատավոր Բորիկ Գրիգորյանի նման վարքագիծը և նրա նկատմամբ պատժիչ գործողություններ կիրառել։
Նշենք, որ Կարեն Խեչոյանը մեղադրվել էր կնոջը՝ Լուսինե Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։
2016 թվականի հունվարի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր Խեչոյանին տուգանել 150 հազար դրամի չափով։
Ղաբուզյանը պատմել էր, որ ամուսինը ծեծում է իրեն, իսկ դստերը «դաստիարակում»՝ գոմի մսուրից շղթայով կապելով։ Վերջին ծեծից հետո Լուսինեն քթի կոտրվածքով, գլխուղեղի վնասվածքով և բազմաթիվ կապտուկներով ընկել է հիվանդանոց: Դուրս գալով հիվանդանոցից՝ նա դիմել է «Կանանց աջակցման կենտրոն», որտեղ էլ նրան և 2 երեխաներին առանձին կացարան են տրամադրել։ Այս պահին Լուսինեն բոլոր 5 երեխաների հետ գտնվում է գաղտնի կացարանում։ Ղաբուզյանի փաստաբան Նոնա Գալստյանի խոսքով՝ նա այնտեղ է բնակվում նախկին ամուսնու հետապնդումներից խուսափելու համար։