Հայաստանի գյուղական տնտեսությունները (ԳՏ) իրենց արտադրած բերքի միայն 25.2 տոկոսը և կաթնամթերքի մինչև 20 տոկոսն են իրացնում: Այս մասին փաստում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) և Oxfam կազմակերպությունների 2016-ի ընթացքում անցկացրած հետազոտությունը:
Ընդ որում, գյուղական տնտեսությունների մոտ 18 տոկոսն արտադրված բերքն ընդհանրապես չի իրացնում, այլ ամբողջությամբ պահում է սեփական տնտեսությունում սպառման կամ վերարտադրության համար: ԳՏ-ների 18.8 տոկոսն է արտադրված բերքի մեծ մասը կարողանում վաճառել կամ փոխանակել:
Այսպիսով, մեկ ԳՏ հաշվով գյուղատնտեսությունից ստացված տարեկան համախառն եկամուտը 2015 թվականին կազմել է 1509 հազար դրամ, ինչը, գյուղացիների խոսքով, չի բավարարում իրենց ընտանիքի հոգսերը հոգալու համար: Նրանցից մոտ 40 տոկոսի կարծիքով՝ իրենց տնտեսության արդյունավետության բարձրացմանը համար հարկավոր են լրացուցիչ ֆինանսական ներդրումներ:
Ֆինանսական ներդրումների պակասը նաև հողն ընդհանրապես չմշակելու մեծագույն պատճառն է: Ոռոգման խնդիրը չմշակելու պատճառ է հանդիսանում ԳՏ-ների մոտ 42 տոկոսի դեպքում, հողի հեռավորության կամ ցածր որակի խնդիր ունեն ԳՏ-ների, համապատասխանաբար, 30-ական տոկոսը:
Ֆինանսական միջոցներ գտնելու հիմնական եղանակը փոխառություններն ու վարկերն են: Անհատներից փոխառություններ է արել պարտավորություն ունեցող ԳՏ-ների 40 տոկոսը կամ բոլոր տնային տնտեսությունների 28.9 տոկոսը: Միաժամանակ վարկեր և անհատներից փոխառություններ ունի պարտավորություն ունեցող ԳՏ-ների 29.1 տոկոսը: