Home / Բանակ / Ապրիլից հետո բանակում պատահարների թիվը շատացել է․ իրավապաշտպանը հակառակն էր ակնկալում

Ապրիլից հետո բանակում պատահարների թիվը շատացել է․ իրավապաշտպանը հակառակն էր ակնկալում

2016 թվականին բանակում սպանությունների, ինքնասպանությունների և այլ միջադեպերի թիվը նախորդ տարիների հետ համեմատ աճել է:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ֊ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի համար սա անսպասելի և մտահոգիչ փաստ է՝ հաշվի առնելով, որ զորամասերում կարգուկանոն չհաստատվեց նույնիսկ սահմանային իրավիճակը լարված լինելու, ապրիլին տեղի ունեցած ծանր էսկալացիայից հետո։

«Ես միշտ մտածում էի, որ երբ սահմանին ավելի լարված է, զորամասերում ավելի ուշադիր, հավաքված կլինեն։ Սակայն եղավ հակառակը»,֊ «Մեդիա կենտրոն»֊ում այսօր կայացած քննարկման ժամանակ ասել է Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը թերացավ նաև հանրությանը լուսավորելու հարցում ապրիլյան էսկալացիայի օրերին, երբ ամբողջ ժողովուրդը ապրում էր զինվորների կյանքով։

«Այն տարիներին, Վազգեն Սարգսյանի նախարար լինելու տարիներին, կար սպայի տուն գաղափարը, ամիսը մեկ անգամ գալիս էին, հանդիպում ծնողների հետ։ Եթե քո զորամասում 5 դեպք է եղել, ուրեմն կա վատ մթնոլորտ, ինչո՞ւ են մարդիկ ինքնասպանություն անում, կամ սպանվում։ Ես շատ զարմացա, երեկ էլ տեղի ունեցած մահվան դեպքը (Շավարշ Գալստյան) մի քանի ժամ հետո որակվեց ինքնասպանություն, սա ևս կասկածելի է ինձ համար։ Եթե մենք տեսնենք, որ քննության ընթացքում ջանքեր են դրվում, բացահայտելու համար, այսքան մեծ չի լինի անինքնավստահությունը», ֊ ասել է Ժաննա Ալեքսանյանը։

Երեկ զոհված շարքային Շավարշ Գալստյանն իր մոր միակ երեխան էր, մայրը ապրում է հանրակացարանում։ Զոհվածի մոր ծանր սոցիալական վիճակը նշելով իրավապաշտպանը հիշեցրել է վերջերս ընդունված 1000 դրամների օրենքը, որի համաձայն փոխհատուցում են ստանում միայն այն զինծառայողների ընտանիքները, որոնք մահացել կամ վիրավորում են ստացել մարտական գործողությունների ընթացքում։ Բացի դա, օրենքը ուժի մեջ է մտնում հունվարի 28-ից։

«Եթե գործում է 1000 դրամների հիմնադրամը, բա էս տղաները, չէ՞ որ նրանք բոլորը պոտենցիալ հերոսներ են։ Ես նրանց էլ եմ հերոսներ համարում, չեմ կարծում, որ նրանց պետք է անտեսել։ Շատ հնարավոր է, որ այս տղան ոչ մի մեղք չուներ։ Մայրը իր որդու հույսով ապրել է. հանրությունը կարիք ունի լսելու բացատրություններ»,֊ ասել է Ժաննա Ալեքսանյանը։