Home / Մշակույթ / Արվեստագետ․ Ազգայնականներն իրագործում են Կրեմլի օրակարգը

Արվեստագետ․ Ազգայնականներն իրագործում են Կրեմլի օրակարգը

Փետրվարի 7֊ի երեկոյան Կիևում դիմակավորված աջ արմատականները հարձակում են գործել արվեստագետ Դավիդ Չիչկանի՝ Վիզուալ մշակույթի կենտրոնում անցկացվող «Կորսված հնարավորություն» ցուցահանդեսի վրա։ Ավելի քան տասն անհայտ անձիք ներխուժել են տարածք, ծեծի ենթարկել անվտանգության աշխատակցին, փչացրել աշխատանքներն ու փախուստի դիմել։ Կենտրոնի երեք աշխատակցուհիներ փակվել են գրասենյակում ու ոստիկանություն կանչել, որը ժամանել է միայն 40 րոպե անց, երբ հարձակվողներն արդեն անհետացել էին, ու հրաժարվել հետապնդել նրանց։ Վիզուալ մշակույթի կենտրոնի վրա հարձակում տեղի էր ունեցել նաև փետրվարի 4֊ին, ինչի պատճառով Չիչկանի ցուցադրությունը չեղյալ էր հայտարարվել։

Ուկրաինական ԶԼՄ֊ների մի մասը տեղի ունեցածի համար անմիջապես սկսել է մեղադրել «Կրեմլի գործակալներին»․ ինքը՝ Չիչկանը, սակայն, պնդում է, որ իր ցուցահանդեսը խափանել են աջ արմատականները։

«Շատերը հերքում են որ հարձակումը տեղի է ունեցել նեոազգայնականների կողմից ու ասում են, որ դա արել են Կրեմլի գործակալները։ Բայց իմ ցուցահանդեսը մասամբ հենց այն մասին է, որ նեոազգայնականներն իրագործում են Կրեմլի օրակարգը, իսկ՝ անվճար, թե վճարովի, պետք է նրանց հարցնել», ֊ Ֆեյսբուքի իր էջում գրել է նկարիչն ու հավելել․ «Փորձում եմ միջոցներ գտնել դավադրության տեսաբաններին բացատրելու, որ ցուցահանդեսի վրա հարձակվել է ոչ թե [Ռուսաստանի] Անվտանգության դաշնային ծառայությունը, այլ՝ նեոազգայնականները։ Մարդիկ հերքում են [Կիևում] աջ արմատականների առկայությունը․ սա նոր երևույթ է»։

Լրագրող Ագլայա Տոպորովան, իր հերթին, Ֆեյսբուքում հայտնել է, որ հարձակումն իրականացրած անձիք գողացել են Չիչկանի աշխատանքներից մեկը։ «Կիևում երեկ հարձակվել են Ուկրաինայի լավագույն նկարիչներից մեկի՝ Դավիդ Չիչկանի ցուցահանդեսի վրա։ Ով, ի դեպ, անարխիստ է ու հեղափոխական։ Հենց այդպես եկան ու ջախջախեցին [ցուցահանդեսը]»։

Անարխոկոմունիստ նկարիչ Դավիդ Չիչկանն ապրում ու ստեղծագործում է Կիևում։ Մասնակցել է Եվրամայդանին, սակայն կարծում է, որ հեղափոխությունից հետո Ուկրաինան ցանկալի նպատակին չի հասել։ Իր եզրահանգումների հիման վրա էլ հենց նա ստեղծել է աշխատանքների այն շարքը, որը ներկայումս, չնայած արմատականների սպառնալիքներին, փորձում է ներկայացնել հանրությանը։ «Կորսված հնարավորություն» ցուցահանդեսը բարձրացնում է հետևյալ հարցը․ ի՞նչ էր, ի՞նչ դարձավ ու ի՞նչ կարող էր դառնալ Մայդանը։ Չիչկանը հեգնում է ապակոմունիզացումը՝ այն համարելով պարադոքսալ երևույթ, որը մարմնավորում էր իր մեջ հակահեղափոխության հատկանիշները քաղաքական տգիտության ֆոնի վրա։ Նա դրա կողմնակիցներին առաջարկում է հետևողական լինել ու «ապակոմունիզացնել» ոչ միայն խորհրդային պետության ժառանգությունը, այլև՝ ուկրաինացի սոցիալիստներին՝ Իվան Ֆրանկոյին, Միխայիլ Դրագոմանովին, Լեսյա Ուկիաինկային։