Փետրվարի 29-ին՝ ժամը 19։00-ին «Ակումբ 11»-ում (Բաղրամյան 17, Ճարտարապետների Միություն) կբացվի արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսը։ Համադրողը արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն է, կազմակերպիչը՝ «Artbasis» կազմակերպությունը։ Ցուցահանդեսը կգործի 2016թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 30-ը:
Նախագծի նյութն անցյալ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալական ընդվզումն է: Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և վիդեո նկարահանումները՝ Գրիգոր Խաչատրյանն ուսումնասիրում է Բաղրամյան փողոցը մի քանի շաբաթ փակած նստացույցի մասնակիցների և ոստիկանության հարաբերության խնդիրը։ Իշխանության և սիրո փոխկապակցված թեման կենտրոնական է Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործության մեջ։
Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում և իր անձը դարձնելով ստեղծագործության միջոց, արվեստագետը կերտում է բացարձակ իշխանությամբ օժտված մեկի ծաղրանկարչական մի կերպար։ Այս նախագծում նա երկու բան անում է առաջին անգամ և միաժամանակ։ Նախ հեռանում է իր պերֆորմանսի ֆորմատից և նախագիծը կառուցում է հետազոտության վրա։ Երկրորդ՝ հանում է խեղկատակի ուրախ զգեստները` հագնելու համար իշխանության օրինականության ակունքներն ուսումնասիրողի խստաոճ պատմուճանը։
Աղբամաններից կառուցված փխրուն բարիկադը փակել է Բաղրամայան փողոցը։ Դրա մի կողմում իր լեգիտիմության պակաս ունեցող իշխանության ոստիկանությունն է, որն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում կարող է դիմել ուժի, մյուս կողմում՝ զայրացած քաղաքացիները, որոնց այլ բան չի մնացել, քան հասարակական նորմերի զանցումը։ Պնդելու համար արդարացի պահանջը՝ նրանք դիմում են իրենց զինապահեստում ունեցածը տարատեսակ միջոցներին՝ ցուցադրական սիրուց մինչև սեռական բնույթի ակնարկներ ու ուղերձներ պարունակող ժեստերն ու լոզունգները։
Արվեստագետի համար խնդրահարույցը այդ բաժանումն է։ Նա իր նախագծով, ասես, հարց է բարձրացնում. կարո՞ղ է արդյոք սերն, իբրև խոսք ու գործողություն, դառնալ հանրային դիմադրության ու պայքարի միջոց՝ ընդդեմ ոստիկանական բռնության։ Ենթադրական այս հարցի պատասխանը նա բխեցնում է նստացույցը ցրելու՝ 60-70 թվականների սիրային հիթերով հնչունավորած տեսարաններից։ Ջրցանի փողից արձակված ջրի սառցե շիթը պարուրելով թախծոտ երգերի կրկնվող ռիթմերով՝ Գրիգոր Խաչատրյանն, ասես, գալիս է դիտողին մղելու տխուր մտորումների գիրկը. որքան անզոր պիտի լինի իշխանությունը, որ նման բիրտ ու անտաշ միջոցներով հակադրվի իրեն իսկ ընտրող քաղաքացուն, կամ որքան հուսահատ՝ այդ շարքային ցուցարարը, որ ապավինի սեռական բռնության սպառնալիք փոխանցող ժեստի՝ վեր ցցված միջնամատի զորությանը։
Արվեստագետի ասույթը, որ ներառված է ցուցադրանքում, նշում է այդ բինար հակադրությունը և ճգնաժամը հաղթահարելու ուղին. ԻՆՁ ՎՐԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱ, ՈՎ ԻՆՁ ՍԻՐՈՒՄ Է, ԱՎԵԼԻ ՄԵԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱ, ՈՒՄ ԵՍ ԵՄ ՍԻՐՈՒՄ:
Հավելյալ տեղեկությունների համար գրել [email protected] հասցեին կամ զանգահարել 091-738986 հեռախոսահամարին:
Բացման ժամեր՝ երկուշաբթիից չորեքշաբթի 19:00-22:00
Գրիգոր Խաչատրյանը (ծնվ. 1952) այն հայ արվեստագետներից է, ով 1970թթ. առաջինն է դիմել կոնցեպտուալ արվեստի պրակտիկաներին (փերֆորմանս, տեքստ և լուսանկար): Իշխանության թեման առանցքային է նրա ողջ ստեղծագործության համար: Խաչատրյանի ստեղծագործական արտադրանքի նյութերը իր իսկ անձն է, մարմինը, անունը: Խաչատրյանի արվեստային ռազմավարությունների համար էական են տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում ծածուկ կամ բացահայտ միջամտությունները: Խաչատրյանը եղել է «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիր (1987-96թթ.), «ԱՐ» հեռուստաընկերության գեղ. ղեկավար (1996-2002թթ.): 2003թ.-ից Մ. Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի տնօրենն է: Վերջին շրջանի կարևորագույն մասնակցություններն են` «Հայաստանից…» (Քեմպեր, Ֆրանսիա, 2007), Պաստառի 20-րդ միջազգային բիենալե (Վարշավա, 2006), «Ադիո Փարաջանով» (Վիեննա, 2003), «Զուգահեռ իրականություն» (Հայ Արտ կենտրոն, 2000), Գյումրու 1-ին միջազգային բիենալե: Հղացել եւ իրականացրել է երկարաժամկետ նախագծեր. 1997-98թթ. Երևանի Թափառաշրջիկ երաժիշտների փառատոնը և Գրիգոր Խաչատրյան մրցանակաբաշխությունը։
Նազարեթ Կարոյանը (ծնվ. 1959) արվեստի քննադատ է, համադրող, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրենը։ Եղել է ԱԻԿԱ – Հայաստանի հիմնադիրներից մեկը և նրա առաջին նախագահը: 1980-ներից սկսած իր գործունեությամբ նպաստել է ժամանակակից արվեստի միջավայրի կայացմանը (հարել է Սև Քառակուսի խմբին, եղել է 3–րդ հարկ շարժման նախաձեռնողներից, արվեստի առաջին մասնավոր ցուցասրահների նախաձեռնողներից, հիմնադրել ու խմբագրել է ժամանակակից արվեստի առաջին Ին Վիտրո հանդեսը): Համադրել է շուրջ երկու տասնյակ ցուցահանդեսներ Հայաստանում և Արտերկրում: Իր բազմաթիվ քննադատական ու վերլուծական հոդվածներում ուսումնասիրում է Հայաստանի արվեստի ինստիտուցիոնալ համակարգի կայացման, Եվրոպայի հետ հաղորդակցության, ժամանակակից արվեստում սոցիալ-քաղաքական և մեդիա համատեքստի արտացոլման խնդիրները:
Արտբազիսը (հիմն. 2013) կազմակերպություն է, որը ստեղծվել է ժամանակակից արվեստի փաստագրությունը և տեղեկատվության կապերը ուսումնասիրելու և արվեստի հետազոտական նախագծերի ու արվեստային արտադրությանը նպաստելու նպատակով։ Այն աշխատում է արվեստագետների և արվեստի կազմակերպությունների հետ՝ օգնելով նրանց արխիվացման և առցանց միջավայրում տեղեկատվության դասակարգման և պահպանման, նախագծերի փաստագրման և ներկայացման հարցում: 2015 թ.-ից կազմակերպությունը փորձում է աջակցել արվեստագետներին նաև ֆիզիկական տարածքում և ստեղծել է Արվեստանոց 20-ը՝ հանդիպումների, նախագծերի և ցուցահանդեսների համար հարթակ տրամադրելով:
Կազմակերպությունն աշխատում է ժամանակակից արվեստի արխիվի ստեղծման աշխատանքների վրա, որը պետք է բաց լինի հանրության համար և ծառայի որպես կրթական հարթակ և տեղեկատվական ռեսուրս ուսանողների, ինչպես նաև արվեստի մասնագետների միջազգային համայնքի համար: 2015 թ. Արտբազիսն աշխատում է Վիդեո արտի արխիվ նախագծի վրա։