Դատարանը պահանջել է ՀՀ դատախազությունից նախկին դատավոր, այժմ կաշառք վերցնելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին նստած Իշխան Բարսեղյանի պաշտպաններին տրամադրել նախաքննության բոլոր նյութերը: Երեկ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը բավարարել է Բարսեղյանի կողմի ներկայացրած միջնորդությունը: Նախկին դատավորի պաշտպան Վարդուհի Էլբակյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց չէր տրամադրվել նախաքննության սկավառակները, տեսանյութերի վերծանումները և նախաքննության նյութ հանդիսացող երկու փաստաթղթեր:
«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և ժամանակ տրամադրեց, որպեսզի այդ նոր տրված նյութերին ծանոթանանք, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին», – ասել է փաստաբանը:
Գալիք նիստերում կողմերը նոր միջնորդություններ կներկայացնեն: Մինչ այս նախկին դատավորի փաստաբանները միայն հայտարարություններով են հանդես եկել: Հայտարարությունները վերաբերել են նրան, որ Իշխան Բարսեղյանի նկատմամբ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական գործ հարուցելուն զուռագեռ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է տեսանյութ, թե ինչպես է Բարսեղյանը գետնանցումում գումար վերցնում: Այսպիսիով, ըստ հայտարարության, խախտվել է դատավորի անմեղության կանխավարկածը: Պաշտպանները նաև հայտարարություն են տարածել, որ դատավորը ձերբակալվելիս ենթարկվել է ֆիզիկական բռնության: