«Արմավիր» ՔԿՀ-ի հիվանդ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը շարունակում է հունվարի 20-ից սկսած հացադուլը։ Epress.am-ի հետ զրույցում նրա փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը նշել է, որ Գևորգյանի վիճակը ծայրահեղ ծանր։
«Ոտքերն ահավոր այտուցված են, ու արդեն մգանում է ոտքերի գույնը։ Մենք այդ առիթով դիմել ենք օմբուդսմենի գրասենյակ, որովհետև ՔԿՀ -ում հետազոտություն չեն ապահովում, սակայն արդեն երկար ժամանակ է դեռ պատասխան չենք ստացել»,- նշել է Նինա Կարապետյանցը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հրաչյա Գևարգյանը հացադուլ էր սկսել մինչև «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելը, երբ գտնվում էր «Նուբարաշենում», որտեղ Գևորգյանից վերցրել էին իրեն տեղաշարժվելու համար անհրաժեշտ սայլակը, ինչպես նաև խլել էին դատապարտյալի մոր ուղարկած այն բոլոր դեղերը, որոնք անհրաժեշտ են նրա բուժման համար։
«Դեղերը «Նուբարաշենից» չեն ուղարկել «Արմավիր», իսկ այնտեղ ոչ նորմալ հետազոտություն են անում, ոչ էլ նորմալ բուժում է ստանում, ինչի պատճառով վիճակը գնալով ավելի է վատանում» ,- ասել է փաստաբանը։
Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Մի քանի անգամ կալանավորը հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իրեն զրկում են համապատասխան բժշկական օգնությունից։ Գևորգյանը պնդում է, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրաստիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։ Կալանավորը նաև բաց նամակ էր հրապարակել բանտային բարքերի մասին։ Նա մի քանի անգամ բռնությունների է ենթարկվել բանտում։