Նոր ընտրական օրենսգիրքով Ազգային ժողովը ոչ թե կազատվի թաղային հեղինակություններից և կրիմինալից, այլ հակառակը, դրանք նոր ԱԺ-ում ավելի շատ կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը:
Նա ասել է, որ ոչ միայն նոր խորհրդարանը չի ազատվի մեծամասնականով ընտրված պատգամավորներից, այլև դրանք ԱԺ կգան ռեյտինգային քվեարկություններով և կկազմեն պատգամավորների 50 տոկոսը:
«Նորից թաղային հեղինակություններով, կրիմինալով ԱԺ կունենաք: Այս մշակույթը նորից ընտրական գործընթաց է բերվում: Եթե այսպես են անցկացվելու ԱԺ ընտրություները, ես ոչ մի փոփոխություն չեմ ակնկալում»,- ասել է նա:
Նշենք, որ եթե նախկին ընտրական օրենսգրքով ԱԺ էին ընտրվում 131 պատգամավորներ, որոնցից 41-ը մեծամասնական, 90-ը՝ համամասնական ցուցակով, ապա նոր ԱԺ ընտրվելու են 101 պատգամավորներ, որոնցից 50-ը՝ տարածքային կոչվող ընտրական ցուցակներով, 51-ը՝ համապետական ընտրական ցուցակներով:
Այսինքն, եթե նախկինում մեծամասնականով ընտրված պատգամավորները կազմում էին ԱԺ-ի 45 տոկոսը, նոր ԱԺ-ում՝ տարածքային ընտրացուցակներով ընտրվածները կլինեն 50 տոկոս:
Հիշեցնենք, որ Կառավարության առաջարկած նոր ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2016 թվականի մայիսին: Կառավարությունը և ՀՀԿ պատգամավորները հիմնավորում էին, որ սա այն է, ինչ առաջարկում էր ընդդիմությունը տարիներ շարունակ: Մինչդեռ ընդդիմությունը առաջարկում էր անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի:
ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը օրենսգրքի քննարկումների ժամանակ կոչ էր անում ֆիքսել, որ ընդդիմության տարիների պահանջը՝ անցնել 100-անոց համամասնական ցուցակների, փաստորեն սահմանվել է նոր Սահմանադրությամբ: Միևնույն ժամանակ նա ընդունում էր, որ սա «մաքուր» 100-անոց համամասնական համակարգ չէ, ինչը իր կարծիքով լավ է: