Քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը առողջական խնդիրներ ունի և նրա հարազատները փորձում են նրա համար բժշկական հետազոտություն ապահովել՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխելով քաղաքացիական հիվանդանոց: Սաֆարյանի եղբայրը՝ Արմո Սաֆարյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք արդեն ստացել են Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանի գրավոր թույլտվությունն այն մասին, որ Գևորգ Սաֆարյանին ՔԿՀ-ում կարող է քաղաքացիական հիվանդանոցից բժիշկ այցելել:
«Գևորգին անհրաժեշտ է ռենտգենային ստուգում: Բժշկի այցելությունն ընդամենը միջոց է․ նա պետք է հաստատի, որ նրան պետք է տանել հիվանդանոց, ստուգել և այլն»,- ասել է Արմո Սաֆարյանը:
Գևորգ Սաֆարյանի ծնկի խնդիրը լուծելու համար հարազատները պայմանավորվել են «Իզմիրլյան» կենտրոնի աշխատակից, բժիշկ Հայկ Ավագյանի հետ, ով համաձայնել է հետազոտել հիվանդին:
Քաղբանտարկյալի եղբայրը պատմել է, որ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանը, սակայն, իրենց ասել է, որ թույլ չի տա «իր բժիշկը մտնի փակ հիմնարկ»:
«Նալբանդյանն ասաց, որ չկա այդպիսի կարգ: Դա հակասում է օրենքին: Բժիշկ կտրամադրեն, եթե «Դատապարտյալների հիվանդանոցից» լինի դիմում», – ասել է Արմո Սաֆարյանը:
Խնդրի առնչությամբ Epress.am֊ը զրուցել է նաև Տիգրան Նալբանդյանի հետ․ «Եկել, բժիշկին վերցրել, տանում են: Ո՞ր մի հիմնարկի ղեկավարը կթողնի իր բժշկին վերցնել, տանել: Իրենք ունեն բուժվարչություններ քրեակատարողական հիմնարկում, բացի դա, ունեն «Դատապարտյալների հիվանդանոց», ունեն քաղաքացիական նեղ մասնագետներ՝ կցագրված այդ հիմնարկներին, որոնցով կարող են կազմակերպել էդ ամեն ինչը: Ի վերջո, եթե դժգոհ են, դիմում են ՔԿՀ վարչությանը, Արդարադատության նախարարությանը, դրանք էլ կապնվում են մեզ հետ, որ մենք նայենք»:
Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ բժշկական օգնություն տրամադրել հրաժարվելը քրեական հանցագործություն:
«Մենք հույս ունենք, որ այս մասին մամուլի հրապարակումներից հետո քրեական գործ կհարուցվի, և քննությունը կորոշի կային արդյոք ընթացակարգային սխալներ: Մենք բոլոր ընթացակարգերը պահել ենք, դիմել ենք Քրեակատարողական վարչություն, ստացել ենք թույլտվություն, օր ենք պայմանավորվել, և միայն երեկ բժիշկը հրաժարվել է գնալ՝ ասելով, որ եթե գա, ղեկավարության հետ խնդիրներ կունենա»,- ասել է Տիգրան Հայրապետյանը:
Նրա կարծիքով՝ այս միջադեպը ցույց է տալիս, թե ինչքան վախեցած են բուժհաստատությունները քաղաքական ճնշումներից, որ հրաժարվում են քաղբանտարկյալին բուժօգնություն ցույց տալ։
«Վախն իշխանության հանդեպ այնքան արմատացած է, որ հրաժարվում են քաղբանտարկյալի բուժել: Բժշկական կենտրոնի տնօրենն իր նախաձեռնությամբ որոշել է մերժել մեզ՝ փորձելով Առողջապահության նախարարի աչքը մտնել», – ասել է նա:
Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը 2016 թվականի հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրել էին ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: Հունվարի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է նրան 2 տարվա ազատազրկման։