Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոտանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Դրա պատճառների և իր հետագա քայլերի մասին պատագամավորը խոսել է «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի եթերում:
«Շատ դժվար որոշում էր, այդ որոշումը կայացնելու համար, իհարկե, կային հիմքեր։ Եվ այդ հիմքերը հիմնականում վերաբերվում են այն ճանապարհին, որն անցել է «Ժառանգություն»-ը և այսօր ինքը փաստացի մերժում է իր անցած ուղին և արժեքային համակարգը։ Ես պարտավորված էի այդպիսի որոշում կայացնել», – օգտատերերի՝ կուսակցությունը լքելու որոշման մասին հարցերին այսպես է պատասխանել պատգամավորը։
Փոստանջյանը պատմել է, որ ինքը, որպես փաստաբան, «Ժառանգություն» գնաց այն ժամանակ, երբ գրասենյակը ապօրինի փակված էր․
«Ինձ հրավիրեցին, որ ես ներկայացնեմ «Ժառանգությունը» տարբեր պետական ատյաններում, որպեսզի կարողանանք հաղթահարել խնդիրը՝ թույլ տան, որ կուսակցությունը գործի: Հասանք նրան, որ բացեցին «Ժառանգություն» կուսակցության դուռը: Ինձ հրավիրեցին անդամակցելու կուսակցությանը և ես՝ այդ գաղափարին հավատացող, այդ արժեքերը կիսող, ընդգրկվեցի դրա մեջ: Ես կարծում էի՝ այնտեղ կհասնեմ իմ երազանքին»:
Օգտատերերից մեկը հարցրել է՝ մի՞թե նա չի նկատել, որ «Ժառանգության» իր կուսակիցները թաքուն և դավադիր համաձայնության են գնացել իշխանությունների հետ և պայմանավորվել աշխատել առանց Փոստանջյանի:
«Միգուցե ես ունեցել եմ սխալներ և չպետք է թույլ տայի, որ ամեն ինչ հասներ վերջին օրվան, բայց, այնուամենայնիվ, այս պարագայում ես այլ որոշում չէի կարող կայացնել, որովհետև ես սպասեցի, պայքարեցի, որ նման որոշում չլիներ, ես պայքարել եմ, ցանկացել եմ նրանց բոլորին հետ պահել: Սակայն, դե ոչինչ, այդպես ասեմ», -ասել է պատգամավորը:
«Ինչպիսի՞ն էր Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքը» հարցին, պատգամավորը պատասխանել է. «Այս պահին ես չունեմ որևիցե արձագանք։ Բայց նա հավանաբար ցանկանում էր, որ նման որոշում լիներ. ես լքեի ժառանգության շարքերը»։ Նա հավելել է, որ ինքը և Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ ընկերներ չեն։
Փոստանջյանը նշել է, որ կարիք չի տեսնում միանալ որևէ միավորի, դաշինքի․ «Ի սկզբանե ես ասել եմ, որ մենք ունենք մեր պատկերացումները, թեպետ այն կուսակցությունը, որին ես անդամակցում էի, դադարել է կրել իր արժեքային համակարգը, բայց ես այդ գաղափարների համար շարունակելու եմ պայքարել»:
Պատգամավորն ասել է, որ անմասն չի լինելու ոչ մի քաղաքական գործընթացից և առաջիկայում կհրապարակի՝ ինչով է զբաղվելու:
Նկատի ունենալով այն, որ Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը, նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միասին դաշինքն են կազմել, օգտատերերը հետաքրքվել են, թե ինչպես է Փոստանջյանը վերաբերվում Օհանյանին և արդյոք նախկին նախարարը կապ ունի 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի հետ։
«Այդ պահին ինքը բարձրաստիճան պետական պաշտոնյա էր, իսկ Մարտի 1-ի դեպքերը կապված էին մարդու իրավունքների զանգվածայի խախտումների հետ: Հետևաբար, երբ այդ ժամանակ դու բարձրաստիճան պետական պաշտոնյա ես ու չես բարձրաձայնել, ուրեմն դու ունես կապ», – պատասխանել է Փոստանջյանը:
Օգտատերերից մեկը հարցրել է՝ եթե Սերժ Սարգսյանը նրան պաշտոն առաջարկի, որտեղ իրեն կտեսներ պատգամավորը:
«Նախ և առաջ, Սերժ Սարգսյանը ո՞վ է, որ ինչ-որ մեկին առաջարկի պաշտոն: Ես անձնապես իրեն չեմ ճանաչում որպես պետական պաշտոնյայի ով կարող է առաջարկներ ներկայացնել: Ես իրեն ճանաչում եմ որպես հանցագործի»։