Կառավարությունը շարունակում է հարկային պարտավորություններից ազատել հիդրոէներգոկասկադ կառուցելու հայտ ներկայացրած «Վիսավտ» ընկերությանը։ Երեկվա նիստում գործադիրը որոշել է «Վիսավտին» ազատել ավելի քան 70 միլիոն արժողությամբ գնդիկավոր փականներ ներկրելու համար վճարվելիք մաքսատուրքից։
Անցյալ շաբաթվա նիստի ընթացքում Կառավարությունը որոշել էր երեք տարով հետաձգել «Վիսավտի»՝ ավելացված արժեքի հարկը վճարելու պարտավորությունը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այս արտոնությունների որոշումները հիմնավորելով՝ երեկ հայտարարել է, որ ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է վերականգնվող էներգիայի ոլորտում: Կառավարության որոշման մեջ նշված է, որ «Վիսավտ» ընկերությունը «ներդրումներ է անելու գերակա ոլորտում»։
Նշենք, որ «Վիսավտ» ընկերության նպատակն է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ և արտադրել էլեկտրաէներգիա:
Ընկերության և դրա սեփականատիրոջ կամ սեփականատերերի մասին տեղեկատվություն գործադիրը չի ներկայացրել։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիսրտում ընկերության անունը նշված չէ։
«Էկո ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբրիելյանը Epress.am-ի հետ զրույցում քննադատել է Կառավարության որոշումը՝ նշելով, որ ՀԷԿ֊երը վաղուց ապացուցել են, որ այդքան էլ «վերականգնողական» էներգիայի աղբյուրներ չեն։
«Հայաստանում ՀԷԿ֊եր շատ կան, և մենք արդեն տեսել ենք՝ ինչ ճակատագրական խնդիրներ են դրանք առաջացնում էկոլոգիայի համար։ ՀԷԿ֊երը գետերից թույլատրելի էկոլոգիական թողքը չեն պահպանում, փաստացի անվերահսկելի են։ Արդյունքում գետերը վերանում են, ավելի ակնհայտորեն ջրվեժներն են վերանում։ Տուրիստը գալիս է ջրվեժը տեսնելու, կանգնում է ցամաք ժայռի առջև։ Այսինքն՝ վնասում են տուրիզմի տնտեսությանը։ Եվ ի վերջո, լինելով հարավային երկիր, Հայաստանը պետք է զարգացնի արևային էներգիայի արտադրությունը՝ որպես վերականգնողական էներգիայի աղբյուր»,֊ ասել է Գաբրիելյանը։
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ արդեն մի քանի տարի է բնապահպանական շրջանակներում քննարկվում է ՀԷԿ֊երին տրված օրինական արտոնյալ պայմանները։ Մասնավորապես, 2011 թվականին Կառավարությունը որոշում է ընդունել, որով յուրաքանչյուր ՀԷԿ պետք է օգտագործի գետից ոչ ավել ջուր, քան այնքան, որի դեպքում այդ գետում կմնա նվազագույն հոսքի 10 հաջորդական օրերի ջրի ծավալի միջինը։
«Կոպիտ օրինակ բերեմ, մարդը եթե 20 օր հաց չուտի, կապրի։ Այսպես՝ եթե նվազագույն հոսք լինի, գետը կպահպանվի, սակայն դա շատ սխալ մոտեցում է էկոհամակարգի հանդեպ»,֊ ասել է Լևոն Գալստյանը։
«Արդյոք ՀԷԿ֊երը վերականգնողական էներգետիկ համակարգեր են, թե ոչ» հարցն այսօր քննարկում են ողջ աշխարհում։ Հիդրոկայանները մի շարք երկրներում արդեն իսկ չեն համարվում վերականգնող էներգիայի աղբյուրներ, թեև կես դար առաջ հենց այդպես էր, քանի որ համարվում էր՝ դրանք չեն վառում ոչինչ, շրջանառում են ջուրը, ուստի չեն աղտոտում օդը։ Ժամանակակից բնապահպանության մեջ մոտեցումը փոխվել է, քանի որ ՀԷԿ֊երը վնասում են գետերի ձկներին և նվազեցնում ջրի հոսքի ծավալները։ Վերականգնողական էներգիայի աղբյուրներ են համարվում արևը, քամու հզորությունը, բիոմասաներ և գեոթերմալ էներգիա օգտագործող համակարգերը։