«Գլենդել հիլզ» ընկերության կողմից խաբված բնակարանատերերն այսօր փորձել են փակել Հայաստանի Կառավարության շենքի հարակից փողոցը, սակայն ոստիկանական պատնեշը թույլ չի տվել նրանց մոտենալ երթևեկելի հատվածին։
Ակցիայի մասնակիցները տարբեր շենքերում, այդ թվում՝ Տիգրան Մեծ պողոտայի, Եկմալյան փողոցի և Երևանի գինու կոմբինատի հարևանությամբ կառուցվողներում բնակարաններ գնած մարդիկ են, ովքեր մինչև այսօր չեն ստացել 2008 թվականին ձեռք բերված անշարժ գույքը։ Ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, բնակիչներն ընկերությանը որոշ չափի գումար են փոխանցել, սակայն 2015 թվականի սեպտեմբերին «Գլենդել հիլզ» ընկերությունը սնանկ է ճանաչվել և գնորդները ոչ միայն չեն ստացել իրենց բանկարանները՝ իրենց չեն վերադարձրել նույնիսկ վճարած տոկոսները։
Խաբվածները այսօր Կառավարության մոտ պահանջել են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Մարդիկ հույս ունեին, որ նախընտրական շրջանում վարչապետի հետ հանդիպման հնարավորությունները մեծացել են, քանի որ իրենք «պոտենցիալ ընտրողներ են»։
Հավաքվածները բողոքում էին, որ ոստիկանները պատնեշ են կազմել Կառավարության շենքի դիմաց, կարծես իրենք հանցագործներ են։ Իսկ ոստիկաններից մեկը պնդել է, որ իրենք այդտեղ են, որպեսզի բողոքող քաղաքացիներին «պաշտպանեն ցրտից»։
Բուզանդի փողոցի բնակիչ Արմինեի բնակարանը ճանաչվել է հանրային շահ և իրացվել է «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից։ Գինու գործարանի տարածքում նրանց ժամանակավոր կացարաններ են տրամադրել՝ խոստանալով Ֆիրդոուսի փողոցի տարածքում կառուցվող նոր շենքում մարդկանց իրենց նախկին բնակարանի տարածքի չափով բնակարաններ տրամադրել։
«Արդեն բոլոր օրինական ճանապարհներով դիմել ենք։ Տասնյակ դիմումներ եմ ողարկել անձամբ նախագահի աշխատակազմ, բայց ոչ մի գրավոր պատասխան չեմ ստացել։ Դատարան եմ դիմել, բայց արդեն 3 տարի է ձգձգում են ու լուծում չեն տալիս էս հասարակ գործին։ Էս հարցի լուծումը հանձնարարել են քաղաքաշինության գծով վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանին, բայց երբ գալիս ենք ասում ա՝ « ես ձեզ բան չունեմ ասելու»։ Նրանք մեզ ստիպում են, որ անկարգությունների դիմենք, որովհետև օրինական ճանապարհով ոչնչի չենք կարողանում հասնել», – նշել է բնակչուհին։