2014 թվականի ապրիլի 13֊ին մահացած «Զևս ստուդիա» ընկերության աշխատակից Լևոն Հունանյանի հայրը` Դավիթ Հունանյանը, պայքարում է, որպեսզի որդու մահը չկոծկվի և մեղավորները պատժվեն։
Դեպքը տեղի է ունեցել «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության տարածքում․ կոտրվել է մասնաշենքի տանիքի ապակին, Հունանյանը ընկել է և դրա հետևանքով մահացել։ Հոր խոսքով՝ իր որդու գործատուն՝ «Զևս ստուդիան», խախտել է աշխատանքի պաշտպանության կանոնները, ինչը դատապարտելի է քրեական օրենսգրքի 157֊րդ հոդվածով, և շինարարական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները, որը պատժվում է 230֊րդ հոդվածով։ Մասնավորապես, «Զևս ստուդիան» չէր տեղեկացրել Լևոն Հունանյանին իր անվտանգության նորմերի մասին․ աշխատանքի անվտանգության հրահանգավորումների գրանցամատյանում բացակայում է Լևոն Հունանյանի ստորագրությունը։ Այդ հրահանգների համաձայն, արգելվում էր բարձրանալ տանիք և մետաղական կոնստրուկցիաների վրա կանգնել։
Դավիթ Հունանյանը և նրա շահերը պաշտպանող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, որ գործը երկրորդ անգամ կարճվել է։ Կարճվելու հիմնական պատճառն այն է, որ ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունն իրականացնող մարմինը փոփոխել է իր ցուցմունքները։ Բուն փորձաքննությամբ հաստատվել էր, որ Լևոն Հունանյանի իրավունքները խախտվել են, հետագայում փորձագետը հայտարարել է, որ «համապատասխան անձի գործողություններում բացակայում է հանցակազմը», քանի որ Լևոն Հունանյանն ուներ բարձրագույն կրթություն, պարտադիր չէր նրան տեղեկացնել անվտանգության նորմերի մասին։
«Նման գնահատական տալը փորձագետի խնդիրը չէ։ Նա միայն պետք է ֆիքսի՝ Հունանյանը տեղեկացված է եղել, թե ոչ»,֊ հայտարարել է Լիպարիտ Սիմոնյանը։
Գործի նախաքննությունը, ըստ պաշտպանի, նաև այլ աշխատանքային իրավունքի խախտումներ է բացահայտել։ Թեև «Զևս ստուդիա» ընկերության բոլոր աշխատակիցներն ունեցել են աշխատանքային պայմանագրեր, ընկերությունը պնդում է, որ Լևոն Հունանյանի հետ կնքել էին գծագրության գործառույթների կատարման քաղաքացիա֊իրավական պայմանագիր։
«Այդ պայմանագրում ստորագրությունն առաջացրել է կասկածներ Լևոնի հոր մոտ, և մենք փորձաքննություն ենք կատարել։ Փորձաքննությամբ ապացուցվեց, որ այդ պայմանագրի ստորագրությունը Լևոն Հունանյանինը չէ»,֊ ասել է Լիպարիտ Սիմոնյանը։
Քրեական գործը կարճելը բողոքարկվել է նախ Երևան քաղաքի դատախազությունում, ապա Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Փաստաբանը հույս է հայտնել, որ գործը կվերաբացվի։