5-րդ գումարման Ազգային Ժողովի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ԱԺ֊ն իր հիմնական օրենսդրական գործառույթը գրեթե ամբողջությամբ զիջել է Կառավարությանը։ Այն նաև չի կատարում իր մյուս՝ տարբեր պետական մարմինների նկատմամբ վերահսկողական գործառույթը։
Վերջին 5 տարիների ընթացքում ընդունված 1078 օրենքների 92 տոկոսը հեղինակել է Կառավարությունը, իսկ ԱԺ֊ն դրանք ընդամենն ընդունել է քվեարկությամբ` դակել է դրանք։ Այս մասին ասվում է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփող զեկույցում։
Զեկույցի ներկայացման ժամանակ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասել է, որ ԱԺ֊ի որպես օրենսդիր մարմնի դերի թուլացման մասին է վկայում նաև այն, որ օրենքների ուղիղ կեսն ընդունվել են Կառավարության հրավիրած արտահերթ նիստերով։
Այս վիճակագրությունն ավելի տխուր է նախկին գումարման ԱԺ֊ների հետ համեմատության մեջ։
«Եթե չորրորդ գումարման խորհրդարանում հատուկ կարգով ընդունված օրենքները 196֊ն են, ապա 5-ում՝ 645 են։ Այսինքն՝ չորս անգամ թիվն աճել է»,֊ ասել է Վասիլյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ նիստերում Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը խորությամբ չեն քննարկվում, այլ ընդունվում են որքան հնարավոր է արագ՝ 24 ֊ժամյա ռեժիմով։ Փոխարենը, ընդդիմադիրների նախագծերը հիմնականում չեն էլ քննարկվում։ Այդպես՝ ԱԺ֊ն մերժել է օրակարգ ընդունել ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած 58 օրինագիծ։
Ընդունված օրենքները հիմնակում վերաբերել են պետաիրավական և վարչական ոլորտներին։ Վարչական օրենսգիրքը, օրինակ, փոփոխվել է 40 անգամ։
«Հետաքրքիր է, որ քիչ փոփոխված օրենքները համընկնում են այն ոլորտներին, որոնք Կառավարության կողմից գերակա ուղղություն են ճանաչվել։ Օրինակ՝ ներդրումների մասին օրենքը վերջին անգամ փոխվել է 10 տարի առաջ»,֊ ասել է Վասիլյանը։
Խորհրդարանը ոչ միայն օրենսդրական գործառույթը չի կատարել, այլև վերահսկողական գործառույթը։
«Աժ֊ն սահմանված ժամկետների մեջ չի քննարկել Վերահսկիչ պալատի գործունեության ծրագրերը։ 2016թ․ ընթացքում Գլխավոր դատախազության հաղորդումը, որ պետք է ներկայացվեր Աժ, ընդհանրապես չի ներկայացվել։ Կամ աբսուրդ մի բան, 2016 թ․ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը չի քննարկվել ԱԺ֊ում»,֊ ասել է ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը։
ԱԺ֊ի ընդունած օրենքների 92 տոկոսը հեղինակել է Կառավարությունը
Արտահերթ կարգով ընդունված օրենքների թիվը 4 անգամ աճել է