Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, խոստովանել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ մշտապես զորամասեր է գնում և աշխատում զինվորների հետ։ Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ զինվորականը քաղաքականությամբ չպիտի զբաղվի։
Այսօր՝ ապրիլյան ընտրություններին ընդառաջ նա աջակցում է ներկայիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։
«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարեփոխումներ է ուզում, ինչը ռեալ է, և ես ուզում եմ կողքը կանգնեմ, իմ փորձը փոխանցեմ: Ես դեմ եմ, որ զինվորականները քաղաքականությունով զբաղվեն», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կոմանդոսը։
Նա նշել է․ որ նոր նախարարի աշխարհահայացքն ավելի լայն է, իսկ ասածները՝ ռեալ․ «Սարգսյանի հետ ծանոթացա․․․ Ես ուզում էի իմանալ… Ինքը զինվորական չի, իրան դրել են զինվորական ղեկավարությունում, բայց մի քանի հանդիպումներից հետո ես հասկացա, որ իրա ղեկավարությամբ մեր բանակն ավելի կուժեղանա»:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նախկին նախարար Սեյրան Օհանյանի հատկանիշներն այդպիսինը չէին, նա նշել է, որ չի ցանկանում մատնանշել նախկին նախարարի բացասական կողմերը: Փոխարենը, Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Օհանյանը «շատ բան արեց» զինվորի դերը բարձրացնելու համար:
Նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը: Խոսելով այն մասին՝ արդյո՞ք այս հանգամանքը քաղաքական գործընթացների մեջ չի ներքաշում բանակը, գեներալ-մայորը պնդել է, թե բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ․
«Թող մեկն ասի, որ Արկադի Իվանիչն ու նախարարը մտել են զինվորների մոտ ու ասել՝ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկեք: Տենց բան չկա: Մենք մեր ազատամարտիկների հետ ենք հանդիպում:
Առաջ սաղ գնում էին բանակ… Ես էլ էի գնում։ Մեզ ուղարկում էին շտաբից, սաղին ասում էինք՝ մենք ՀՀՇ-ից ենք… Առաջ ՀՀՇ-ից էինք, հետո չեմ իմանում՝ ումից էինք։ Սաղս էլ գնում էինք․․․ Չէինք ասում անպայման [ընտրեք], բայց աշխատում էինք զինվորների հետ»:
Հարցին՝ քանի քաղաքական ուժերի համար է Արկադի Տեր-Թադևոսյանն այդպես աշխատել, նա պատասխանել է․ «Դե, ինչքան որ ծառայում եմ, այդքան էլ գնացել եմ։ Հանրապետականի համար չեմ գնացել․․․չեմ հասցրել»։