Վանաձորի քաղաքապետարանն արդեն մի քանի ամիս է քաղաքացիներին ուղարկում է տեղեկանքներ այն մասին, որ իրենք պետք է վճարեն աղբահանության դիմաց մոտ 10 տարվա վաղեմության պարտքը։ Քաղաքային իշխանությունները նշում են՝ չվճարելու դեպքում պարտքերի վրա նոր տոկոսներ կգան։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում պատմել են մի քանի վանաձորցիներ։ Նրանք նշում են, որ չեն մուծել «աղբի փողը», քանի որ աղբահանություն միևնույն է չի կատարվում։
Մասնավորապես, Անի Դոլմազյանն ասել է, որ իրենց ուղարկված տեղեկանքի համաձայն՝ իր ընտանիքը պարտք է 2009-2012 թվականների «աղբի փողը»։
«Երևի ընտրություններից առաջ պետք է եղել փող հավաքել, այս տարբերակն են ընտրել։ Նախ նշված է եղել, որ մենք պարտք ենք 25 հազար դրամ։ Մերոնք գնացել են քաղաքապետարան, վերահաշվարկ են արել, 9 հազարը հանել են, մերոնք մուծել են 16 հազար դրամ։ Ժամկետ են տվել, ասել են՝ եթե չմուծեք, տոկոս ենք ավելացնելու վրան։ Բայց դա անօրինական է։ Վանաձորում ապրող մարդու համար 16000 դրամը մեծ փող է, քանի որ բարձր աշխատավարձ Վանաձորում գոյություն չունի»,֊ ասել է Անի Դոլմազյանը։
Վանաձորցի փաստաբան Արայիկ Պապիկյանը Epress.am-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ հարկային օրենսգիրքը, համաձայն որի հայցի վաղեմության ժամկետը 3 տարի է։
«Իսկ պայմանագրի տույժեր, կամ տոկոսներ, չեն կարող լինել», ֊ ասել է նա։
Հարկ է նշել, որ քաղաքապետարանը նման հարկային պարտականություններ է առաջ քաշում այն պայմնաններում, երբ քաղաքի ավագանին, որն ընտրվել է հոկտեմբերի 2-ին, նիստեր չէր գումարում 5 ամիս։ Առաջին նիստը կայացել է մարտի վերջին։
Վանաձորի քաղաքապետարանից Epress.am֊ին պարզաբանել են, որ նման դեպքում ավագանու որոշում անհրաժեշտ չէ՝ վճարների հավաքագրման համար․ «Ավագանին սահմանում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար վճարի չափը, իսկ վճարների հավաքագրման պրոցեսը կազմակերպում է համայնքապետարանի համապատասխան բաժինը»։
Ինչ վերաբերում է տոկոսներին՝ քաղաքապետարանից գրել են․ ««Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը նախատեսում է պատասխանատվություն աղբահանության վճարը չվճարող քաղաքացիների համար»։
Վանաձորի քաղաքապետարանը հրաժարվել է ասել, սակայն, քանի տնտեսություն է պարտք․ «Պարտք ունեցող բնակիչների թիվը փոփոխական է»։
Նշենք, որ քաղաքապետարանի վկայակոչած օրենքը պատասխանատվություն է ենթադրում նաև աղբահանության վճար հաշվարկողի և աղբահանությունը իրականացնող օպերատորի համար՝ ոչ պատշաճ աշխատելու համար։
«Օպերատորն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` համայնքի բյուջե վճարելով տուգանք։ Տուգանքի վճարումն օպերատորին չի ազատում չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության կատարումից»,֊ ասված է օրենքում։
Ինչևէ, աղբահանող մարմինը Վանաձորում չի տուգանվել։