Արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող Սարի թաղի գործով ձերբակալվածներից Հրաչյա Բոյաջյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Բոյաջյանի փաստաբան Արայիկ Զալյանը նշել է, որ իր պաշտպանյալը մինչ այս պահվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի առաջին հարկում, որում տեղակայված խցերի վատ պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Պաշտպանի փոխանցմամբ՝ Բոյաջյանը պատրաստվում է շարունակել հացադուլը և տեսակցություն է պահանջում Դատախազության ներկայացուցիչների հետ: Սարի թաղի գործով ձերբակալվածները պահանջում են ազատ արձակել իրենց, կամ հստակեցնել նրանց մեղադրանքը։
Հրաչյա Բոյաջյանի կինն ավելի վաղ Epress.am- ի հետ զրույցում նշել էր, որ ամուսինն առողջական խնդիրներ ունի և այս հացադուլը կարող է նրա համար ծանր հետևանքներ ունենալ։
Նշենք, որ Սարի Թաղի 10 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալեցին 10 սարիթաղցիներ, որոնց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասով, այն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։ Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը: