Ոստիկանները զենք կրելու կասկածանքով փողոցից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Զրուցակցի փոխանցմամբ՝ այս պահին իրենք գտնվում են Երևանի վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում և սպասում են ընթերակաների։
«Փողոցում մոտեցել են, ուզել են խուզարկել, բայց ինքը արգելել է ու բերման են ենթարկել ոստիկանություն։ Ոչ մի պարզաբանում չեն տալիս ու լրիվ անհասկանալի ա, թե ինչի որոշեցին, որ սառը զենք ա կրում իր մոտ։ Ասում են, որ նշմարվել ա սառը զենքի նմանվող իր, բայց ակնհայտ երևում է, որ որևէ իր չի նշմարվում իրա վրա։ Մենք նույնիսկ նկարահանում ենք կատարել, որ ոչ մի իր չի երևում։ Հասկանալի է, որ իր մոտ ոչ մի սառը զենք չկա, պարզապես ապօրինի բերման են ենթարկել»,- ասել է Սահակյանը։
Փաստաբանը կատարվածը հերթական քաղաքական հետապնդում է համարում․ «Ակնհայտ է, որ սա հետապնդում է։ Կիվիրյանին վաղուց տարբեր ձևերով հետապնդման են ենթարկում ՝ թե՛ քրեական հետապնդմամբ, թե՛ վարչական, անգամ մահափորձ է նրա դեմ կատարվել։ Սա էլ հերթական հետապնդումն է»։
Ոստիկանության մամուլի բաժնի ներկայացուցիչը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ Կիվիրյանը բերման է ենթարկվել «իրավախախտում կատարելու կասկածանքով», սակայն չասաց՝ կոնկրետ ինչ իրավախախտման մասին է խոսքը։ Հավելյալ տեղեկություն, ըստ նրա, այս պահին չեն կարող հայտնել։