Հայաստանում երեխաների պաշտպանության վիճակը շարունակում մտահոգիչ մնալ։ Հատկապես մտահոգիչ է գյուղական և հեռավոր բնակավայրերում երեխաների որակյալ կրթության իրավունքի հետ կապված խնդիրները՝ անբարեկարգ դպրոցական շենքային և դասարանների պայմանները, անհրաժեշտ որակի և քանակի ուսուցչական կադրերի բացակայությունը: Այս մասին նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Կազմակերպությունը վարում է ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով երեխաների կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ չորս գործ։
2010թ. հունիսի 5-ին ուսուցչի բացակայությամբ դասարանում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում Չարենցավանի թիվ 5 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ Դերենիկ Գասպարյանը մահացել է: Կյանքի իրավունքի խախտման հիմքով ՄԻԵԴ ներկայացված գանգատը կոմունիկացվել է։
Մեսրոպ Խաչատրյան
Սևան քաղաքի ավագ դպրոցի տասներեքամյա աշակերտի աչքը վնասվել էր 2014 թ. դեկտեմբերի 9-ին ֆիզիկայի դասաժամի ընթացքում: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուսուցչուհի Հասմիկ Մագարյանին: 2016 թ․ ապրիլի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատակի չափով տուգանքի ձևով: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է որոշումը և ամբաստանյալ Հասմիկ Մարգարյանից և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, հօգուտ տուժող կողմի, 16․400․000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ հասցված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝նոր քննության։
Երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանը մահացել է 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում: 2015 թ. հունիսի 15-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց «Արաբկիր» ԲԿ բժիշկներ Լ. Վարդանյանին և Զ. Այվազյանին՝ նրանց դատապարտելով ազատազրկման, համապատասխանաբար, երկու տարի և երկու տարի, վեց ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու, և համաներմամբ ազատ արձակեց: ՀՀ Վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատժի մասով բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և գործն այդ մասով ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման հիմքով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ:
Էլեն Փարսադանյան
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ավելի ուշ կարճվել էր: Դատական կարգով բողոքարկման արդյունքում գործը կրկին ուղարկվել էր նախաքննության, որից հետո կրկին կարճվել է: Որոշման դեմ ներկայացված բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվելուց հետո 2017թ. մարտի 31-ին վճռաբեկ բողոք է ներկայացվել:
Լիանա Դարբինյան
Լիանա Դարբինյանը 2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մայրն է: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում նորածնի բուժումն ու հետազոտումը մի շարք թերություններով է իրականացվել: Գործի քննությունն ընթացքի մեջ է:
Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միացել է 1992 թ. հունիսի 1-ին՝ ճանաչելով անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում ապրելու երեխայի իրավունքը: Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից և Պետությունը պետք է ապահովի Երեխաների Կոնվենցիայում սահմանված երեխայի բոլոր իրավունքների իրականացումը: