Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական անգամ վճռել է, որ Հայաստանում խախտվել է արդար դատաքննության իրավունքը։ Այս անգամ դիմումատուն Գևորգ Դնգիկյանն էր, որը կորցրել է Պռոշյան 19 հասցեում գտնվող իր սեփականությունը՝ հողատարածքն ու տան մի մասը։ Հողատարածքի վրա կառուցվել է «Քարանձավ» ռեստորանը, որ մինչև հիմա գործում է, թեև Հայաստանի Վերաքննիչ դատարանը դեռևս 2003 թվականին կայացրած վճռով ճանաչել էր Դնգիկյանի՝ սեփականության իրավունքի խախտումը, սակայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի կատարել վճիռը և չի պարտավորեցրել ռեստորանի քանդումը։
«Վճռի կատարումն արդար դատաքննության մաս է, եթե չլինի վճռի կատարում, դատարանը ո՞ւմ է պետք։ Այո, սա հիմնականում ԴԱՀԿ֊ի անգործության դեմ վճիռ էր։ Գրեթե անհնար է քաղաքի կենտրոնում նման տարածք պահել, եթե կա վճիռ դրա քանդման մասին», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
ՄԻԵԴ դիմումում Դնգիկյանն իր ստացած նյութական վնասը գնահատել էր 107 հազար եվրո, սակայն ՄԻԵԴ֊ը միայն արդար դատաքննության խախտման փաստի համար է փոխհատուցում սահմանել՝ 3600 եվրո։
Նշենք, որ այս տարվա մեջ 3֊րդ դեպքն է, երբ Հայաստանի դեմ ՄԻԵԴ֊ում վճիռներ են կայացվում՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անգործության պատճառով։ Մարտի 30-ին հրապարակած վճռով ՄԻԵԴ֊ում ԴԱՀԿ֊ի դեմ հաղթել էր Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանը, ում օգտին ՀՀ դատարանների վճիռը չէր կատարվել։ Ավաքեմյանի վեճը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի հետ էր։
Մայիսի 19-ին ՄԻԵԴ֊ում հաղթել էր Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանը, ում ապօրինի աշխատանքից հեռացնելու փաստը ավելի վաղ հաստատվել էր նաև ՀՀ դատարաններում։
Ըստ Նիկողոսյանի՝ դատավճիռները չէին կատարվում, քանի որ այն ժամանակվա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ճնշում էր գործադրում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վրա։