Հունիսի 8-ին Կառավարությունը որոշել է բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Երևանի Կենտրոնի տարածքներ։ Դրանց վերաբերյալ նման որոշում է կայացվում արդեն երրորդ անգամ։
Խոսքը Աբովյան 4 հասցեի մասին է, որը պատկանում էր «Օլիպմ» արտադրական կոոպերատիվին, և Արամի 30 հասցեի մասին, որը պատկանում էր Վրեժ Գսպոյանին։ Նախորդ անգամ դրանք գերակա շահ էին ճանաչվել դեռևս 2007֊ին՝ օտարվելով սեփականատերերից։
Ինչպես 2007 թվականին, այնպես էլ հիմա տարածքները Քաղաքապետարանը հանձնել է «ԱՎՈ Ֆ․Մ․Հ» ընկերությունը։
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ Աբովյան 4 և Արամի 30 հասեցները «հանրային գերակա շահ» ճանաչվում են արդեն 3-րդ անգամ․ մի անգամ էլ նման որոշում Կառավարությունը կայացրել է դեռևս մինչև «Հասարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մասին» օրենքի ընդունումը՝ 2007 թվականին։
Ըստ նրա՝ հետաքրքրական է, որ երեք անգամ էլ տարածքի «ձեռք բերող» է ճանաչվել «ԱՎՈ Ֆ․Մ․Հ» ընկերությունը, քանի որ ստացվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ որևէ գործողություն չի կատարում։ Այդ դեպքում ինչո՞ւ են կրկին այդ ընկլերությանը տրվում տարածքները, հարց է բարձրացնում Բաղդասարյանը։
Աբովյան 4 և Արամի 30 հասեցների սեփականատերերը 2007 թվականից ի վեր պայքարում են իրենց իրավունքները վերականգնելու համար։ Նրանց ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ երկու տարի է՝ «Օլիպմ» արտադրական կոոպերատիվը Վարչական դատարանում պայքար է մղում ապացուցելու համար, որ 2007 թվականին ընդունված «հանրային գերակա շահի» մասին որոշումն անօրեն է եղել։ Այն ժամանակ քանդվեց «Օլիմպին» պատկանող «Միլանո» խանութը։
«Երկու տարի քննեց, վճիռ պետք է կայացներ, չկայացրեց, վերսկեց գործի վարույթը (դատավոր՝ Արման Թովմասյան)։ Անցավ երկու շաբաթ՝ Կառավարությունն ընդունեց այս որոշումը։ Այսինքն՝ Կառավարությունը ընդունեց, որ չկար հանրային գերակա շահ, որ դատարանը պետք է սեփականությունը տար «Օլիմպին»։ Այստեղ իրավաբանական հնարքի դիմեցին, հիմա անօրինական գործընթացներ է կատարվում»,֊ ասել է Տիգրան Հայրապետյանը։
Արամի 30 հասեցում գործել է խանութ, որի սեփականատերը՝ Վրեժ Գսպոյանը, ևս դատարան է տվել։
«Այդ գործն էլ էր խայտառակություն։ «ԱՎՈ Ֆ․Մ․Հ»֊ն համաձայնել էր տարածքներ տրամադրել, հաշտություն էին կնքել։ «ԱՎՈ Ֆ․Մ․Հ»֊ն խախտել էր համաձայնությունը։ Տվեցին վերջը էն գումարը, որն ի սկզբանե գնահատել էին, էլի շուկայական գնից 5-6 անգամ քիչ գումար։ Ստացվում է, որ երկուսից էլ խլել են սեփականությունը։ Ըստ օրենքի՝ եթե կառուցապատողը 2 տարվա ընթացքում ոչ մի շինարարական աշխատանքներ չի կատարում, հանրային գերակա շահը դադարում է»,֊ ասել է Տիգրան Հայրապետյանը։
Նա ընդգծում է, որ երկու տարվա ժամկետը խախտելու դեպքում կառուցապատողը պետք է տուգանքներ վճարի, իսկ տարածքը կրկին գերակա շահ ճանաչելով՝ Կառավարությունն ընկերությանը ազատում է տուգանքներից։
Ըստ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» օրենքի՝օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում, իսկ համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավել գումարը:
Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ, բացի 2 տարվա սահմանափակումից, կառուցապատողի համար կա նաև մեկ այլ օրենքի դրույթ․ որևէ տարածք «գերակա շահ» ճանաչվում է 7 տարվա ժամկետով։
«Տարածքը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ 7 տարի ժամկետով։ Պետությունը՝ ըստ Սահմանադրության և տրամաբանության, պետք է սեփականատերի հետ հարցերը լուծի՝ դա կլինի գումարը, թե այլ բնակարան տրամադրելը։ Ինչ է անում մեր պետությունը։ Տարածքը ճանաչում է գերակա շահ, ընտրում է մի անորոշ կառուցապատող, կառուցապատողը քաղաքացու հետ կնքում է պայմանագիր։ Այսինքն՝ պետությունն իր իրավունքները զիջում է կառուցապատողին, ու ձեռքերը լվանում է, ասում է՝ գնացեք կառուցապատողի հետ լուծեք ձեր հարցերը։ Սա աֆերիստ քայլ է։ Սա բիզնես ծրագիր է, որի մեջ ներքաշված է Կառավարությունը Քաղաքապետարանի գլխավորությամբ»,֊ ասել է Բաղդասարյանը։
Կառավարության հունիսի 8-ի որոշման մեջ մեջբերվում է Քաղաքապետարանը՝ «պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի, որը կնվազեցնի Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը»։ Բաղդասարյանն ընդգծում է՝ նման հիմնավորում կար նաև Հյուսասյին պողոտայի դեպքում, սակայն ավտոկայանատեղիի փոխարեն կառուցվեց «Տաշիր» առևտրի կենտրոն։
«ԱՎՈ Ֆ․Մ․Հ» ընկերությունը, Սեդրակ Բաղդասարյանի խոսքով, պատկանում է մի սիրիահայ գործարարի, ում հետևում կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։
«Այն ժամանակ Լևոն Սարգսյանը Սիրիայում դեսպան էր։ Այդպես բերեցին այդ գործարարին և որոշեցին, որ պետք է շենքերը քանդվեն»,֊ ասել է նա։