Ոստիկանության պաշտոնյաների և քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկու կալանավորներին ոստիկանական բաժանմունքում և դատարանում ծեծի և խոշտանգման ենթարկելու փաստի առթիվ։ Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։ Հայտարարության մեջ չի նշվում քննիչի անունը, չի ասված նաև, թե ոստիկանության քանի պաշտոնյայի դեմ է քրեական գործ հարուցվել։
Ծեծի և դանակահարության մեջ մեղադրվող, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017 թվականի հունվարի 5-ին ներկայացել է Գորիսի ոստիկանություն, որտեղ բաժնի պետի տեղակալն իրենից պահանջել է ներկայացնել հանցագործության գործիք դանակը, սակայն մերժում ստանալով, հայհոյել և հարվածել դեմքին: Այնուհետև, ըստ հաղորդման, հիշյալ պաշտոնյան կանչել է ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների, ովքեր վերջինիս հանձնարարությամբ ծեծել են Ս. Ա.-ին:
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելը)։
Խոշտանգման փաստով մյուս գործըը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Վ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 2017 թվականի հունիսի 10-ին դատարանում՝ իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում, իր վերաբերյալ քննվող քրեական գործով քննիչը խոշտանգել է իրեն: Երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, քննիչը հարվածներ է հասցրել իրեն և մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել հանցագործությունը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից խոշտանգում)։
Նշենք, որ վերջին մի քանի օրերի Հատուկ քննչական ծառայության կողմից հրապարակումները ցույց են տալիս, որ շատացել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կալանավորների նկատմամբ բռնությունների առթիվ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու դեպքերի և պաշտոնական լիազորություններ անցնելու հիման վրա հարուցված քրեական գործերը։
Մասնավորապես, Հատուկ քննչականի հունիսի 16-ին հրապարակման մեջ նշվում է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն իր որդու` բնակարանային կողոպուտի մեջ մեղադրվող Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում հայտնել է, որ 2016 թվականի մարտի 1-ին որդուն ձերբակալելիս Ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցները վերջինիս նկատմամբ բռնի գործողություններ են կատարել: Ոստիկանները ծեծի են ենթարկել որդուն, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:
Քննիչի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու մեկ այլ դեպքն էլ վերաբերում է բնակարանային գողության և խարդախության համար ազատազրկման դատապարտված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ին։ Վերջինս հաղորդել է, որ 2014 թվականին մոր մասնակցությամբ իր կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ է քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Սակայն գործով վարույթն իրականացնող քննիչը նախաքննությունն ավարտելուց հետո իրեն հորդորել է դատարանում ընդունել իր կողմից չկատարված խարդախությունների ևս 7 դրվագ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել մորը: Ա. Հ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել չկատարած հանցագործությունների մեջ, որի համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` պատժի կրման ընթացքում, նույն քննիչն իրեն մեղադրանք է առաջադրել իր կողմից չկատարած խարդախությունների ևս 7 դրվագով` խոստանալով հետագայում կարճել քրեական գործով վարույթը, սակայն խոստումը չի կատարել։
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ մեկ այլ դեպքում Աշտարակի ոստիկանության մի շարք աշխատակիցներ կաշառքով կեղծ վարորդական իրավունքի վկայական են տվել ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն։