Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղ, որտեղ գյուղացիները բողոքի ակցիա էին անում ոռոգման ջուր չունենալու պատճառով։ Կոմիտեից խոստացել են պոմպ տեղադրել, վերանորոգել այն, բետոնապատել տեղադրման հատվածը, ինչի շնորհիվ 15 օր հետո գյուղը ոռոգման ջուր կստանա։ Այս մասին Epress.am֊ին ասել է Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը։
«Էս շոգին, ջուր չստանալով ևս 15 օր, ամբողջ արտերն ու այգիները կվառվեն։ Արդեն վառվում են»,֊ ասել է համայնքապետը։
Գյուղն ունի 5000 բնակիչ, 150 հեկտար կարտոֆիլի արտեր, աճեցնում են նաև կաղամբ, գազար, ունեն նաև մրգատու այգիներ։
«Ջրամատակարարման ընդհատումների պատճառն էն է, որ պոմպերը հին են ու մաշված, խողովակները ևս։ Հարցը միայն ոռոգման ջուրը չի, որ չունենք։ Խմելու ջուր ընդհանրապես չկա։ Կան աղբյուրներ, որոնցից պոմպերով ջուր հանելու համար գյուղացիները գումար են հավաքում՝ էկելտրականության դիմաց վճարելու համար։ 21֊րդ դարն է, հողից ջուր ենք հանում, խմում։ Շատ կեղտոտ, անորակ ջուր»,֊ ասել է գյուղապետը։
Նշենք, որ այսօր առավոտյան աստղաձորցիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը՝ որպես բողոքի ակցիա ջրի բացակայության դեմ։