Վանաձորի Տարոն 4 Բելառուսական և Կոնգո թաղամասերում համապատասխանաբար 5 և 7 օր ջուր չկա: Այս մասին բնակիչները ահազանգել են LoriTV-ին։
«Մենք շուրջօրյա ջուր ունենալու պայմանագրեր ենք կնքել։ Չէ՞ որ պայմանագիր կա՝ կնքված, ստորագրված։ Ջրմուղին շատ, շատ ենք դիմել, ասացինք, որ դատարան էլ ենք տալու, ասացին՝ մեզ դատարանով մի վախացնի։ Չհաշված էդ, հաշվիչների ցուցմունքները եսիմ ինչ թվեր ա գրում, ժողովրդի վրա պարտքեր ա գալիս»,֊ ասել է բնակիչներից մեկը։
Բողոքով բնակիչներն ասում են, որ արդեն 5 տարի է՝ ամառվա տապի օրերին, ջուրը կտրում են։ Իրենք ստիպված են դույլերով ջուր բերել մի քանի հարյուր մետր հեռու գտնվող առանձնատների թաղամասից, իսկ հիմա շատ ջուր է անհրաժեշտ՝ դիմանալու շոգին, հոգալու հիգիենայի մասին։
«Մի հատ կամիսիա ենք պահանջում, մի հատ պարզեն՝ էդ հոսքը ո՞ւր ա թեքվում։ Մենք գիտենք մոտավորապես, բայց թող կամիսիան գա, պարզի։ Գնում ա բաղերը ջրելու»,֊ասել է Բելառուսական թաղամասի բնակիչներից մեկը։
«Գալիս եմ ստեղ Ռուսաստանից, որ հանգստանամ, բայց ամբողջ գիշեր հերթապահում եմ, որ ջուր վերցնեմ, լողանամ։ Հյուրեր ունեի Ռուսաստանից, խնդրել եմ տոմսերը հետ տան։ Գան ի՞նչ տենան, զուգարանի հոտը խեղդում ա։ Գալիս եմ, որ հանգստանամ, ավելի հոգնում, գնում եմ։ Ճնշումս հասել ա 200, ո՞վ ա դրա պատասխանը տալու»,֊ ասել է մեկ այլ վանաձորցի։
«Վեոլիա» ջուր ընկերությունից մեզ հետ զրույցում չմեկնաբանեցին՝ ինչու Վանաձորի որոշ թաղամասերում օրերով ջուր չկա։
«Այսօր ոչ աշխատանքային օր է, ջրանջատումներ շատ տեղերում կան, քանի որ շատ շոգ է։ Վաղը կպատասխանենք այդ հարցերին»,֊ ասել են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։