հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / «Ոսկե ծիրանի» հյուրը դեմ է գրաքննությանը և սոլիդար է փառատոնից հանված ֆիլմերի հեղինակների հետ

«Ոսկե ծիրանի» հյուրը դեմ է գրաքննությանը և սոլիդար է փառատոնից հանված ֆիլմերի հեղինակների հետ

Թուրք պրոդյուսեր, հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագահ Չիղդեմ Մաթերը հուլիսի 9-ին Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան» կինոփառատոնի դիտումներից մեկի մեկնարկին հայտարարել է, որ սոլիդար է փառատոնի ծրագրից հանված ԼԳԲՏ անձանց մասին ֆիլմերի հեղինակների հետ: Նա նաև փոխանցել է Թուրքիայում ֆիլմարտադրողների «Ընդդեմ գրաքննության» նախաձեռնության սոլիդարության խոսքերը:

«Մի ֆիլմ քրդական հարցի մասին Ստամբուլի կինոփառատոնից հանվեց իշխանությունների կողմից: Որպես բողոք մենք բոլոր մեր ֆիլմերը հանեցինք: Դա կապ չուներ փառատոնի հետ, գրաքննությունն արվել էր փառատոնի հետևում կանգնած ուժերի կողմից: Եվ այն, ինչ պատմել են ինձ այստեղ՝ Հայաստանում, շատ նման է դրան», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է փառատոնի հյուրը:

Մաթերը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի նման երկրներում, որտեղ կան մարդու իրավունքների շուրջ խախտումներ, ֆիլմերը ոչ միայն գեղարվեստական նշանակություն ունեն, այլև քաղաքական:

«Մեր երկրներում այս կինոփառատոնները պարզապես կինոփառատոններ չեն։ Այս փառատոնները մենք օգտագործում ենք մեր խոսքի ազատության իրավունքն ամրագրելու համար։ Մեր ֆիլմերը գործիքներ են, որոնցով խոսում ենք աշխարհի հետ: Այդ պատճառով ֆիլմ արտադրողների համայնքը պետք է պատասխանատու լինի և բարձրաձայնի այս խնդրի մասին, որպեսզի բոլոր ֆիլմերի խոսքի ազատությունը հարգվի: Ես կարծում եմ՝ փառատոնին չի կարելի մենակ թողնել, քանի որ մենք գիտենք ճնշումը եղել է դրսից: Դրա համար ոչ թե դեմ պետք է լինենք փառատոնին, այլ դրա հետ լինենք, ու հնարավորություն ստեղծենք ֆիլմերի ցուցադրության համար», -ասել է նա:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։ Հետագայում այդ ֆիլմերի պատճառով կինոփառատոնի ղեկավարությունը որոշել էր ամբողջովին հանել արտամրցույթային ծրագիրը։ Մի շարք անհատներ և կազմակերպություններ քննադատել էին տեղի ունեցածը՝ անվանելով դա բացահայտ գրաքննություն։