Հայաստանում իրավական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սուտ մատնության հիմքով հարուցված քրեական գործերի զգալի աճ։ Այդ հիմքով 2016 թ.-ին հարուցված քրեական գործերի թիվը 2015-ի համեմատությամբ կրկնակի աճել է՝ հասնելով 44-ի: Կտրուկ աճ է արձանագրվել նաև 2017-ին: Այս մասին նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) հրապարակած վերլուծության մեջ։
2017֊ի հունիսի 12-ի դրությամբ նման գործերի քանակն արդեն հասել է 36-ի:
«Հաճախ որևէ հանցագործության մասին հաղորդում տալուց հետո փաստի առթիվ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործը հարուցվել է սուտ մատնության հիմքով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ սուտ մատնության հիմքով հարուցված քրեական գործերի 35 %-ը հարուցվել են մեկ այլ քրեական գործի շրջանակներում», ֊ ընդգծում է ՀՔԱՎ֊ը:
Սուտ մատնության հիմքով քրեական գործեր հարուցելու շրջանակը 2016թ․ ՀՀ օրենսդրությամբ ընդլայնվել է՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելու համար, որն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության 154․8 հոդվածով:
«Այդ արարքների քրեականացումը հանգեցնում է համապատասխան մարմիններին քաղաքացիների կողմից հանցագործությունների մասին հնարավոր հաղորդումներ ներկայացնելուն խոչընդոտմանը, որը նաև հոգեբանական ճնշման ազդեցություն ունի հնարավոր խախտումների մասին ահազանգողների նկատմամբ։ Պետության իրավական մոտեցումը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի հիմնական նորմերին և սկզբունքներին և քրեական իրավունքի պահանջներին։
Հաշվի առնելով նաև իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ սուտ մատնության հիմքով հարուցված գործերը, հիմնավոր են պնդումները, որը պետք է լրջորեն վերանայել սուտ մատնության հիմքով քրեական գործերի իրավական կարգավորումները, որպեսզի այն չկիրառվի որպես քրեական հետապնդման միջոց մարդու իրավունքների խախտումների, նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերով արդյունավետ քննությանը և պայքարին», ֊ նշում են զեկույցի հեղինակները։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ