2017-ի ամռանը Epress.am-ի լրագրողները գործուղվեցին Ռուսաստանի հարավային շրջաններ՝ աշխատանքային միգրանտների և Ադրբեջանից, Ղարաբաղից և Հայաստանից փախած հայերի հետ շփվելու:
8-հոգանոց Մերսեդես Վիտոյի հետևի շարքի ուղեվորներից երկուսը Էջմիածնի գյուղերից էին, գնում էին Վոլգոգրադ՝ ասֆալտ փռելու: Մեկը Թալինից էր, ավելի փողոտ գործի վրա է, մենակ է աշխատում, գաջ է քսում և մետլախ խփում: Վոլսկ էր գնում, ասում էր, որ Վոլգոգրադը՝ Վոլսկի հետ համեմատած փնթի քաղաք է, իսկ բրիգադիրները քցող՝ նույնիսկ եթե բարեկամ են: Էջմիածինցին համաձայն էր. անցած անգամ 42 օրից 7-ն էր աշխատել և նույնիսկ այդ աշխատածը մինչև հիմա չի կարողացել ստանալ:
Երկրորդ շարքում արթիկցի կին էր, ով գնում էր փեսայի մոտ, և հաստ ոսկյա շղթայով և թանկ հեռախոսով մոտ երեսուն տարեկան տղամարդ, ով «ստիպված է մարշրուտկայով գնում՝ Վոլգոգրադի ռեյսը հանել են»: Նա փորձում էր կազմակերպել ուղեվորությունը. «հիմա էլ դու գնա հետևը նստի, ձյաձ ջան», «ախպերս, ուզում ես, գնա քնի, մի ժամ կքշեմ, գլուխ չեմ գովում, բայց լավ շոֆեր եմ», «հաց կեր, թե չէ փեսուդ կասեմ», «հեսա տղեքը Պյատիգորսկ կիջնեն, հերթով հետևը կքնենք»:
Դիմացի նստատեղին ղարաբաղցի կին էր, վերադառնում էր թոռների մոտ, մեզ կոնֆետներ էր ուտացնում, վարորդին ամեն կանգառում տերմոսից կոֆե խմացնում: Վրաստանի սահմանները անցնելիս լրացուցիչ հարցեր էին առաջացնում իր տասը կիլոգրամ սուրճը, որում կարելի է կանեփ կամ հաշիշ տեղափոխել՝ շներին կոֆեյի հոտը ապակողնորոշում է: Ռուսաստանի հատվածում ենթասպան բացել տվեց կնոջ արկղերը, պատռեց տոպրակը երկու բուռ չիր հանեց և սկսեց ուտել:
Անցանք, կանգնեցինք խանութ/զուգարանի մոտ: Դռանը փակցված էր տեղի թաղայինի՝ մայոր Օնիշենկոյի շնորհավորանքը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, որն ավարտվում էր հիշեցմամբ. «Մի մոռացեք, որ կյանքի բոլոր դրվագներում ձեզ մշտապես սատարում և պաշտպանում է հայրենի ոստիկանությունը»: Քիչ հեռու ադրբեջանցիների խումբ էր ավտոբուս նստում: «էս պարսիկների թուրք լավը քունեմ», – արձագանքեց մեր մարշրուտկի կազմակերպիչը:
Էջմիածինցիք հոգնել էին.
– Սամալյոտը լավ բանա էլի:
– Սամալյոտի ցավը տանեմ:
Հասանք Վլադիկավկազի գազալցակայան և հաց ուտելու: Մեզնից հետո ևս Հայաստանի մեքենա կանգնեց: Կանայք բարձրաձայն դժգոհում էին սեղանի ոչ պատշաճ մաքրությունից և «փնթի ազգերից»: Մերոնք կատակի տվին. «Այ մորքուր ջան, գոնե սպասի գնանք՝ նոր քֆուր արա՝ մենք ենք հաց կերել, մենք»:
Ճանապարհի այս հատվածում ամեն տասը րոպեն մեկ կանգնեցնում էին ավտոմատավոր զինվորականներն ու գաիշնիկները, վարորդը անձնագրի մեջ նախապես հարյուր ռուբլի էր դնում, ուղեվորներին տանում էին անձնագրեր ստուգելու: Մերոնք սովոր էին.
– Տերորիզմի դեմ պայքար է:
– Հա էլ սենց ա եղել:
Կոմկուսի գազել անցավ՝ «վերադարձնենք Օսեթիային ստալինյան արդարությունը» գրառումով:
– Մինչև Ստավրոպոլսկի կրայ ես Ռուսաստան չեմ համարում՝ սաղ խառը մուսուլման ազգեր են… չնայած հետո էլ հայերն են սկսվում…
Կեսօրին հասանք Պյատիգորսկ:
Մանրամասները՝ տեսանյութում, որը բաղկացած է երեք մասերից․ “Закавказье”, “Настоящий армянин – это кто?” և հարցազրույց մարդաբան Էվիյա Հովհաննիսյանի հետ։
– Ահագին օղակներ եք բաց թողել. մինչև ինձ հետ հանդիպելը պետք է խոսեիք համայնքի ղեկավարի, հյուսիսկովկասյան համայնքների գլխավորի, եկեղեցու թեմի առաջնորդի և միայն հետո կապ հաստատեիք ինձ հետ:
Տեղի հայկական եկեղեցու պատմության մասին գրքի հեղինակ պրոֆեսորի հետ հանդիպեցինք համալսարանում մեծ դասամիջոցին: Քառասուն րոպե ժամանակ ունեինք:
– Ես երևալու խնդիր չունեմ, իմ գործը հարցազրույց տալը չէ, այլ հոդվածներով հանդես գալն է: Մարդիկ կան, ովքեր սիրում են ներկայացված լինել, իմ կենսագրությունը նույնիսկ չեք գտնի: Միայն Հայազգի հանրագիտարանում կա (Ռոստովում են անում այդ կայքը): Չգիտեմ էլ, թե ով եք: Վերջերս նման փորձ ունեցել եմ. եկան, լրագրող ներկայացան, խոսք էին քաշում, հարևան երկրից էին…
– Ադրբեջանի՞ց: Մենք Հայաստանից ենք: Կարող եք անձնագիրս տեսնել, չնայաց այնտեղ կա «Ադրբեջան» բառը:
– Որտե՞ղ եք ծնվել:
– Կիրովաբադ:
– Գանձակ…
– Այն Կիրովաբադ էր կոչվում, երբ ծնվեցի, հիմա՝ Գյանջա:
– Այո, Գյանջա.. մի րոպե, դուք Գյանջայո՞ւմ եք ծնվել, ո՞ր թիվ եք:
– 83:
– Ձեր տարիքից ջահել եք երևում:
– Առաջին մարդն եք, որ դա ասում է, հիմնականում մի 10 տարի ավելացնում են:
– Որ թրաշվեք, սաղ տեղը կընկնի: Ես Ռուսաստանում եմ ծնվել, արմատներով Ղարաբաղից եմ:
– Ինչ մեղքս թաքցնեմ՝ ես էլ նման արմատներ ունեմ: Մարտակերտից:
– Մերոնք էլ էին Մարտակերտից: Ստեղ կիրովաբադցիք, բաքվեցիք շատ են… Գիտեք, չէ, որ բուհերի տարածքում առանց հատուկ թույտվության չի կարելի նկարահանել: Ինչի՞ համար եք եկել:
– Մենք հանդիպել և հանդիպում ենք տարբեր ժամանակներում այս տարածաշրջանում հայտնված հայերի հետ, տպավորություններ ունենք, որոշ տեղեկություններ: Մեզ խորհուրդ տվեցին հանդիպել նաև ձեզ: Չենք հավակնում ամփոփիչ եզրակացություններ անել…
– Չեք էլ կարող, դուք ոչինչ չեք կարող հասկանալ…
– Հենց այդ զգացողությամբ էինք ուզում կիսվել…
– Ես շատ կայքեր եմ կարդում, բայց ձերինի մասին չեմ լսել:
– Ամենապոպուլյարներից չէ:
– Ի՞նչ պրոդուկտ եք պլանավորում ստանալ, ո՞րն է ձեր գաղափարախոսությունը:
– Դե այն մարդիկ, ովքեր ստիպված են լքել Հայաստանը, ինչ-որ կերպ ներկայացված են հայաստանյան մեդիայում, արտագաղթը՝ նույնպես: Չեմ կարող ասել, որ մեզ բավարարում է այդ պատկերը: Արտագաղթը առհասարակ Հայաստանում բողոքի ամենազանգվածային դրսևորումն է, սակայն քաղաքական դաշտում, մեդիայում այն չի ներկայացվում որպես այդպիսին: Պատկերացրեք, թե ինչ օրի պետք է հասցնել մարդկանց, որպեսզի իրենք լքեն հարազատ միջավայրը՝ ընկերական, լեզվական և այլն և գան նույն Ռուսաստանը, որտեղ ամենայն հավանականությամբ կգոյատևեն շատ խոցելի կարգավիճակում, կդառնան չուրկա և խաչ՝ հույս ունենալով, որ գուցե իրենց երեխաները կկարողանան հարմարվել…
– Այ սա ուրիշ բան. պետք է ցույց տալ, որ այստեղ մեղր քսած չէ, որ պրոֆեսոր-դասախոսը 19 հազար ռուբլի է ստանում…
– Դե արտագաղթողները դժվար թե համալսարաններում աշխատեն…
– Իհարկե՝ նրանք ավելի շատ գումար են վաստակում…
– Վստահ չեմ… և հետո կարգավիճակի հարց կա…
– Պետք է ցույց տալ, որ այստեղ գալը փրկություն չէ: Գիտե՞ք, ինչքան մարդ է սպանվում այստեղ: Ես չեմ ասում, որ Ռուսաստանը վատ երկիր է, շատ էլ լավն է, բայց այդ մարդիկ չեն կողմնորոշվում, ռազբորկեքի մեջ են ընկնում, տասնյակներով սպանվում են՝ փոխանակ մնան հայրենիքում:
– Դե մենք փորձում ենք հայրենասիրական խաղերի մեջ չներգրավվել…
– Տարօրինակ է՝ կարծում էի, որ Հայաստանի պես հարևաններ ունեցող, պատերազմող երկրում բոլորն են ներգրավված հայրենասիրության մեջ և իրավունք չունեն այդ գծից շեղվել: Իսկ ի՞նչ մամուլ եք կարդում, Ռուսաստանի հայերի մասին գրող ի՞նչ կայքեր գիտեք:
– Գիտեմ «Նոև Կովչեգը», «Երկրամասը», կարդում եմ «Կավկազսկի ուզելը»…
– Հմմմ, «Կավկազսկի ուզել»… Պարզ է, ինչ եք կարդում: Ես ուզում եմ հասկանալ, թե պատվիրատուն ինչ պահանջներ է ներկայացնում ձեր այս այցելության հետ կապված: Ստեղ գալը ահագին ծախսատար է:
– Երկու տարուց ավել է պլանավորում էինք գալ: Վերջապես հաջողվեց գումար տնտեսել: Կայքին տարբեր ժամանակներում ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նորվեգական, ամերիկյան, բրիտանական, գերմանական ֆոնդերը…
– Տեսնում եք, որտեղից է քամին փչում…
– Քամին՝ ընկերներով լրագրությամբ զբաղվելու ցանկությունից է փչում: Դեմ չէինք լինի, որ պետբյուջեից աջակցություն լիներ…
– Այդ աղքատ երկրում ինչ բյուջե պետք է լինի…
– Կա: Նույնիսկ նախագահի ադմինիստրացիան է դրամաշնորհներ բաժանում: Սակայն մենք գիտենք, թե ինչպիսի մամուլ է ֆինանսավորվում իրենց կողմից: Խմբագրության քաղաքականությանը չխառնվելը մեր առաջնային պահանջներից է: Մեզ հետ համագործակցողները դեռևս զերծ են մնում դրանից:
– Խոսքի ազատությունը լավ բան է, բայց պատերազմող երկրի համար չէ…
– Նույնը հայաստանյան իշխանություններն են փորձում համոզել: «Պատերազմի վտանգը» շատ հարմար գործիք է իշխանություն պահելու և ամրապնդելու, ժողովրդի կեղեքումը, բռնությունը արդարացնելու համար: Նայեք Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի իշխանություններին…
– Մարդու իրավունքները լավ բան է շվեյցարիաների, եվրոպաների համար…
– Ես շվեցարական փորձից չեմ խոսում, այնտեղ չեմ ապրել…
– Հայաստանյան իշխանությունը՝ չարյաց փոքրագույնն է: Հեղափոխություն եք ուզում, ի՞նչ է:
– Ուզեինք՝ լրագրությամբ չէինք զբաղվի: Իրար հակասող, բացառող երևույթներ են, կարծես:
– Այդպես չէ, նույնիսկ հակառակն է. Տեսեք, ինչեր են գրում հայաստանյան կայքերը…
– Տեսնում ենք: Մենք դրա մեջ ենք եփվում:
– «Սասնա Ծռե՞ր» եք ուզում: Դա ի՞նչ էր: Մարդիկ քիչ է՝ չէին դատապարտում՝ նույնիսկ փողոց էին դուրս գալիս աջակցելու…
– Մարդիկ համերաշխ էին «Սասնա Ծռերի» արարքի հետ, այլ ոչ թե իրենց արտաբերած գաղափարների: Այն, որ գործող իշխանությունների հախից միայն զենքով, ուժով կարելի է գալ, շատ տարածված միտք է…
– Ի՞նչ եք ուզում այդ իշխանություններից: Տեսնեմ՝ դուք ինչ կանեք, եթե ձեզ իշխանություն տան: Միանգամից ձեր շուրջը ընկեր-բարեկամներ կհայտնվեն՝ ամեն մեկը իր խնդիրներով և այլն…
– Իմ ու իշխանության միջև շատ սկզբունքային տարբերությունն եք լղոզում…
– Անցած տարի իմ կոլեգաների հետ Ղարաբաղում էինք, Ստեփանակերտից գինի վերցրինք, գնում էինք Գանձասար, ճանապարհի գյուղերից մեկի մոտ կանգնեցինք, մի հատ տատիի հետ զրույցի ընկանք՝ սկսեց բողոքել, թե լավ չեն ապրում: Ասում եմ՝ սրա տեղը մի հատ ժենգյալով հաց սարքեիր ու մեզ վրա ծախեիր, թե չէ ինչքան կարելի է՝ «փիս ընք ապրըմ, փիս ընք ապրըմ»: Հայրապետյանը ձեր համար ճամփա էլ է գցել, իսկ դուք բան չեք ուզում անել: Ես չեմ կարող գալ՝ հայերեն չեմ խոսում, բայց կարդալ սովորել եմ… Լսարանը պետք է ազատենք, դասամիջոցն ավարտված է: Կկարդամ ձեր թերթը՝ տեսնեմ ինչացու եք, չնայած արդեն հասկանում եմ՝ բավականին անկեղծ էիք: