Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի։
Հայցվորը պնդում է, որ Երևանի ավագանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կառավարությունը՝ Երևան համայնքին պատկանող մեծ հողատարածք են նվիրաբերել «Սպայկա» մասնավոր ընկերությանը և դա արել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի խախտմամբ։
«Ըստ օրենքի 92-րդ հոդվածի՝ նման խախտումներն առաջացնում են ոչ միայն վարչական, կարգապահական, այլև քրեական պատասխանատվություն»,֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը։
Ըստ նրա՝ պետական մարմինները մեկ օրվա ընթացքում հողը հայտարարել են օտարման ենթակա, նվիրաբերել «Սպայկային» և վավերացրել այդ որոշումը, մինչդեռ օրենքով նման գործընթացները տևում են առնվազն մեկ ամիս։ Երևանի ավագանին նախ պետք է հայտարարեր, որ հողը ենթակա է օտարման և այդ մասին մամուլի միջոցով պետք է տեղեկացներ հանրությանը։ Մեկ ամսվա ընթացքում ցանկացողները պետք է դիմեին հողատարածքը ձեռք բերելու համար՝ ներկայացնելով ներդրումային ծրագրեր։
«Մինչդեռ «Սպայկան» դիմել է նույն օրը՝ հունիսի 16-ին, երբ հողատարածքը հանվել էր օտարման։ Սա արվել է հանրությունից թաքուն։ Նորմատիվ ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակումից 10 օր անց։ Մինչդեռ Տարոն Մարգարյանը չի սպասել և բավարարել է «Սպայկայի» դիմումը՝ դիմելով Կառավարությանը, որն էլ հաստատել է նվիրաբերությունը՝ հաշվի չառնելով որ դիմումը խախտումներով էր»,֊ ասել է Փոստանջյանը։
Կառավարությունից այսօր Փոստանջյանին պարզաբանել են, որ դիմումը քննել են քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով, որը հանրօգուտ նպատակներով նվիրատվություն անելու մասին է։ Ըստ իրավաբան Փոստանջյանի՝ որևէ ընկերության բիզնեսի համար գույք նվիրելը հանրօգուտ նվիատվություն չէ։
«Այդ հոդվածը վերաբերում է կրթական, գիտական, մշակութային ծրագրերին»,֊ ասել է Փոստանջյանը։